Մշակույթ

Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն կինոյի փառատոնը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն կինոյի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն կինոյի փառատոնը: Մեկնարկն այս տարի կտրվի մայիսի 28-ին, եւ փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 2-ը: Փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ փառատոնին այս տարի ներկայացված կլինեն 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր` աշխարհի 24 երկրներից: Փառատոնում ներկայացված կլինեն անկախ, պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ եւ ուսանողական ֆիլմերը: «Այդ ֆիլմերի հեղինակներին միավորում է սերը դեպի ոչ կոմերցիոն, ազատ եւ անկաշկանդ կինոն: Կինո, որը նկարվում է հանուն համոզմունքի եւ գաղափարի, այլ ոչ թե դրամարկղի կամ պատվերի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:  

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դեկան, հանձնաժողովի անդամ Անետա Երզնկյանի խոսքով` փառատոնն իր տեղն ունի հայկական փառատոնային իրականության մեջ: «Ուրախալի է, որ այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերն ավելի բազմազան են եւ հետաքրքիր»,- ասաց նա:  

Փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը նախատեսում է հետեւյալ անվանակարգերը` պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի, ուսանողական ֆիլմերի, մեկրոպեանոց ֆիլմերի, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով: Սահմանված են հետեւյալ մրցանակները` «Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ», «Լավագույն 1 րոպեանոց ֆիլմ»: Կտրվեն նաեւ հատուկ դիպլոմներ եւ մեդալներ:           

«Նոֆի» փառատոնին հաղթանակած եւ առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն: Փառատոնի ժյուրին կազմված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի հայտնի մասնագետներից:                                                                 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում