Սյունեցի բոլոր շրջանավարտները դրամական պարգեւներ են ստացել
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում այս տարի դպրոցներին հրաժեշտ տվեց 1445 շրջանավարտ, որոնցից 17-ը մեդալի հավակնորդներ են: Նախորդ տարվա համեմատ` մարզում շրջանավարտների թիվը նվազել է 296-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին դասի առիթով մարզի շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Համոզված եմ, որ դուք միշտ բարձր եք պահելու սյունեցու պատիվը, իսկ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրվա հուշերը եւ ջերմությունը ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Կրկին շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ` մաղթում եմ տոնական տրամադրություն, լավատեսություն եւ ձեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու հաստատակամություն»: Վերջին զանգի կապակցությամբ մարզի համայնքներում անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Օրվա առիթով բոլոր շրջանավարտները դրամական պարգեւներ` յոթ հազարական դրամ են ստացել Սյունիքի մարզպետի կողմից: