Մշակույթ

Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ Սիրո» ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին

3 րոպեի ընթերցում

 Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ Սիրո» ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ Սիրո» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Ամիրխանյանը նշեց, որ իր համար այսօր նվիրական պահ է, «որովհետեւ սա մեկ ու կես տարվա աշխատանքի, ստեղծագործական սեւեռումների, պատասխանատվության սպասելիքի պատասխանն է»:

«Այս ստեղծագործության գլխավոր իմաստն այն է, որ սիրո ճանապարհը կախված է մարդկանց նվիրումից եւ հիացումից:Կյանքը ճանապարհ է դեպի մեկ ուրիշ մարդը: Եվ եթե մյուս մարդը պատրաստ է քեզ հետ նույնանալ իր սրտում, ապա այդ ճանապարհի վրա բուրում են հազարավոր վարդեր: Մարդն իր սիրեցյալին պետք է վերաբերի ինչես Աստծուն»,- ներկայացնելով «Կանտատ սիրո» ստեղագործության իմաստը` նշեց Ամիրխանյանը:Ստեղծագործությունը կառուցված է իր մշակած աֆորիզմներից մի քանիսի վրա:

«Կոնտատ սիրո» ստեղծագործությունը Ամիրխանյանի վերջին շրջանի գործերից է: Այն պատվիրել է գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնը` անգլիացի կոմպոզիտոր Կարլ Ջենկինսի «Խաղաղության մեսսայի» հետ նույն համակարգում կատարելու համար: Պրեմիերան տեղի է ունեցել Հայդհենհայմի «Կոնգրես Հոլլում» 2012 թվականի հուլիսի 17-ին` Շտուտգարտի սիմֆոնիկ նվագախմբի, 140 հոգանոց երգչախմբի եւ մեներգչուհի Սեդա Ամիր-Կարայանի մասնակցությամբ անգլերենով, գերմաներենով եւ հայերենով` դիրիժոր Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Կանտատը բաղկացած է ինը երգ-արիաներից:

Համերգային ծրագրին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երեւանի պետական կամերային երգչախումը, խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաեւ Հովհաննես Միրզոյանի ղեկավարած Երեւանի պետական Կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը: Որպես մենակատար հանդես եկավ Սեդա Ամիր-Կարայանը: Համերգի դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում