Երեւանի ընտրությունից առաջ լռության օրը հայաստանյան 7 լրատվամիջոցներ թույլ են տվել 60 խախտում. մշտադիտարկում
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդող «լռության օրը» հայաստանյան 7 լրատվամիջոցներ կատարել են 60 խախտում: Այս մասին մայիսի 24-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկումն անցկացրել է մայիսի 4-19-ն ընկած ժամանակահատվածում: Այն անցկացվում էր երեք փուլով. առաջին փուլն ընդգրկում էր 2013թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը (նախընտրական քարոզչություն), երկրորդ փուլը` մայիսի 4-5-ի ժամը 20:00-ը (օրեր, երբ քարոզչությունն արգելված է ընտրական օրենսդրույթամբ), և երրորդ փուլը` մայիսի 5-ի 20:00-ից մինչև մայիսի 19-ը (հետընտրական իրավիճակի լուսաբանում)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց Բորիս Նավասարդյանը:
Նրա դիտարկմամբ` նախագահական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցներն ավելի աչալուրջ էին, քան խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեկ անգամ պատասխանատվության էր ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Պատճառը լրատվական հաղորդման մեջ կուսակցության անունը հնչեցնելն էր: Ավագանու ընտրություններում ևս նման դեպքեր գրանցվեցին, սակայն այս անգամ ՀՌԱՀ-ը այն չհայտարարեց և ասաց, թե խախտումներ չեն եղել»,-ասաց Նավասարդյանը` գնահատելով դա որպես ոչ հետևողական մոտեցում:
Մասնագետներն ընտրությունների օրը նկատել են քարոզչությանպայմանականտարրեր: Նրանք պնդում են, որ սխալ է, երբ լրագրողները հարցնում են, թե հանուն ինչի եք ընտրություն կատարել: Նման դեպքերում քաղաքական գործիչը բարձրաձայնում է իր կարգախոսը, իսկ դա արդեն խախտում է, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե դա կոնկրետ որ կուսակցության կարգախոսն էր: «Լռության ժամերին ոչ միայն արգելվում է քաղաքական ուժի անունը բարձրաձայնել, արգելվում է նաև կարգախոսը հնչեցնել»,-հիշեցրեց ԵՄԱ-ի նախագահը:
Մայիսի 4-ին` Երևանի ավագանու ընտրություններին նախորդող օրը, Հայաստանի հանրային ռադիոն թույլ է տվել 14, «Երկիր մեդիա» Հ/Ը-ը`12, Հ1 և Հ2 Հ/Ը-ները` 8-ական, «Արմնյուզ»-ը` 3, «Կենտրոն»-ը`5 և «Արմռադիո FM 107»-ը` 10 խախտում: «Խախտումներից ամենաակնհայտն այն էր, որ ներկայացվում էր քաղաքական ուժի ներկայացուցչի կոչը` քվեարկել իրենց օգտին, հաճախակի կրկնվում էին կուսակցությունների կարգախոսները, նկատում էինք նույնիսկ հակաքարոզչության տարրեր»,-ասաց Նավասարդյանը և տեղեկացրեց, որ, չնայած խախտումներին, լրատվամիջոցներն այդ օրը գրեթե հավասարապես անդրադառնում էին բոլոր կուսակցական ուժերին, այդ թվում և` «Առաքելություն» կուսակցությանը:
Դիտարկումը կարարողները խնդիրներ նկատել են նաև ընդդիմադիր ուժերի կողմից հնչած քննադատությունների տեսքով: Նրանք առանձնացնում են հատկապես «Երկիր մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունների և «Արմռադիո FM 07» ռադիոկայանի ռեպորտաժները, որտեղ ընտրությունների մասին բացասական կարծիք էին հայտնում դիտորդներն ու վստահված անձինք` նշելով որոշ քաղաքական ուժերի անուններ:
«Մշտադիտարկման բոլոր երեք փուլերում ակնհայտորեն առաջատար լուսաբանողները «Երկիր մեդիա», «Կենտրոն» և «Արմնյուզ» Հ/Ը-ներն էին: Նախագահականի ժամանակ ամենաակտիվը «Արմնյուզ»-ն էր, իսկ «Երկիր մեդիա»-ն ու «Կենտրոն»-ն ավելի պասիվ էին: Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ նրանք նախագահականի ժամանակ չունեին իրենց թեկնածուն»,-նշեց Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված մշտադիտարկմանը մասնակցում էին 4 համապետական հեռուստալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, «Երկիր մեդիա»-ն, «Կենտրոն»-ը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, մայրաքաղաքային հեռուստաալիք «Արմնյուզ»-ը, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը: