Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ցանկանում է իր գրքերը նաև քրդերեն թարգմանել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը, ում գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով, դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ չկան իր գրքերի քրդերեն տարբերակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:«Սեփական երկրում ինձ հետ նույն անձնագիրը կրող մեր հայրենակիցներն իրենց օրորոցից օգտագործած լեզվով չեն կարողանում գտնել իմ վեպերը: Եվ միայն ես չեմ, թուրք գրականության մեջ քանի՞ վիպասանի, բանաստեղծի, արձակագրի ստեղծագործություններ են թարգմանվել քրդերեն»,- այսպես է իր բողոքն արտահայտել թուրք գրողը: Շաֆաքը նշել է նաև, որ պետությունը չպետք է խուսափի քրդերենից: Քրդերենով ուսուցման թույլատվությունը ոչ մի պարագայում չի թուլացնի երկիրը, այլ հակառակը` կուժեղացնի այն:
Էլիֆ Շաֆաքը 2006 թվականին հրատարակել էր «Հայրը և ապօրինի զավակը» ստեղծագործությունը, որտեղ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշատակումների պատճառով հայտնվել էր թուրք ազգայնականների ուշադրության կենտրոնում: Գիրքը կարճ ժամանակում դարձել էր Թուրքիայի ամենաընթերցված ստեղծագործություններից մեկը: Այն պատմում է Թուրքիայում և ԱՄՆ-ում ապրող երկու ընտանիքների մասին, որոնց պատմությունները խաչվում են: Պարզվում է, որ իրականում նրանք բարեկամական կապերով կապված են իրար, սակայն Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած դեպքերի պատճառով հայտվել են աշխարհի տարբեր կետերում: