Գազի գնի բարձրացումն էականորեն չի ազդի Հայաստանի ագրոբիզնեսի վրա. IFC
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգակիրների արժեքի բարձրացումը էական ազդեցություն չի ունենա Հայաստանում ագրոբիզնեսի ծավալման վրա: Մայիսի 24-ին «Նոյան» ընկերությանը ֆինանսավորելու առթիվ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում IFC-ի արտադրության ագրոբիզնեսի եւ ծառայությունների գծով տնօրեն Գի էլլենան՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման հնարավոր ազդեցությանն ագրոբիզնեսի վրա: «Վստահ եմ, որ նույնիսկ էներգակիրների գնի աճի դեպքում այս բիզնեսի ուղղությունը կզարգանա: Եվ ասեմ, որ Հայաստանի տնտեսությունը մի շատ յուրահատուկ երեւույթ է, որն ամբողջ աշխարհն է ուսումնասիրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էլլենան: Նա նշեց, որ առաջիկա տասնամյակում էներգակիրների գլոբալ գները միայն աճելու են եւ նույնիսկ խոշոր արտադրողները չեն կարող խուսափել դրա ազդեցությունից:
Էլլենան ասաց, որ ընկերություններ կան, որոնք էներգախնայողությանը մատների արանքով են նայում` ճիշտ ժամանակին ներդրումներ չանելով էներգետիկայի արժեքի կշիռն իրենց ապրանքների ինքնարժեքի վրա նվազեցնելու համար: «Իհարկե, ընդհանուր առմամբ, էներգակիրների գների բարձրացումն իր ազդեցությունը կունենա, բայց հաշվի առնելով ոլորտի ընդլայնումը եւ ծավալների ավելացումը` դրա ազդեցությունը էական չի լինի»,- նշեց IFC-ի արտադրության, ագրոբիզնեսի եւ ծառայությունների գծով տնօրենը: Էլլենայի համոզմամբ՝ գների բարձրացումը չպետք է լուրջ խոչընդոտ դառնա եւ պետք է շարունակել աշխատել Հայաստանն իր ապրանքներով ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ:
Համաշխարհային բանկի անդամ IFC-ի ուշադրությունն ուղղած է բացառապես մասնավոր հատվածին: 1995-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, կառույցը մեր երկրում ներդրել է 244 միլիոն դոլար՝ 40 ծրագրի իրականացման համար: