Ֆինանսների նախարարը խոստացել է Բուզանդի փողոցի բնակիչների խնդրին լուծում առաջարկել հուլիսի սկզբին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մայիսի 24-ին հանդիպել է Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկացվել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը բնակիչներին հուզող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Խնդրի կոնկրետ լուծումները բնակիչներին կներկայացվեն արդեն հուլիսի սկզբին կայանալիք հանդիպման ընթացքում:
ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին հանձնարարական է տվել միջգերատեսչական հանձնաժողովին «Գապբնակշինի» առողջացման ծրագրի մեկնարկից հետո երեքամսյա ժամկետում, այն է՝ մինչև հունիսի 30-ը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստին զուգահեռ Բուզանդի փողոցի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով կամ վերադարձնել իրենց բնակարանները, կամ այլընտրանքային լուծում առաջարկել: