Գովազդի և լեզվի մասին օրենքին չհամապատասխանող բոլոր գովազդային ցուցանակները Երեւանում կապամոնտաժվեն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի բոլոր տնետեսվարողները, որոնց գովազդներն ու ցուցանակները հակասում են Գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքներին, մինչև մայիսի 29-ը պարտավոր են ապամոնտաժել իրենց ցուցանակները: Այս մասին մայիսի 24-ին հրավիրված ասուլիսում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Արտաքին գովազդի ոլորտում իրականացվող շրջայցերն անց ենք կացնում Հայաստանի Հանրապետության Լեզվի պետական տեսչության հետ համատեղ: Մենք 5 հազարից ավելի տնտեսվարողների, անկախ նրանից թերացումներ ունեն, թե ոչ, ծանուցում ենք ուղարկել, որպեսզի ավելի հետևողական լինեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արազ Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ նախորդ տարիների հետ համեմատ գովազդային վահանակներ արտադրող կազմակերպություններն ավելի ուշադիր են աշխատում և փորձում են ավելի շատ գործել օրենքի շրջանակում: «Երևանի ավագանու որոշման համաձայն` յուրաքանչյուր տնտեսվարող, ով իր գովազդային վահանակն ապամոնտաժելու ծանուցում է ստացել, քաղաքապետարանի կողմից կստանա օժանդակություն` նախագծված դիզայներական նմուշներ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ նման տնտեսավարողները կարող են դիմել քաղաքապետարան կամ տվյալ վարչական շրջան և ստանալ իրենց նախատեսված օժանդակությունը:
Քաղաքապետարանի աշխատակիցը ավելացրեց նաեւ, որ տնտեսվարողը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապամոնտաժել գովազդային վահանակը, հակառակ դեպքում կենթարկվի վարչական տույժի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Ցուցանակներն ապամոնտաժելու վերջնական ժամկետը մայիսի 29-ն է:
Հայաստանի լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվող յուրաքանչյուր ցուցանակ պետք է լինի հայերեն: «Երևան քաղաքը պետք է բերվի պատշաճ տեսքի թե ճաշակի, թե լեզվական առումով: Այն ազդում է հասարակության նյարդահոգեբանության վրա: Լեզվի պետական տեսչության նպատակն այն է, որ հայերենը գործառելի լինի կյանքի բոլոր ոլորտներում` ներառյալ գովազդը»,- ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ հասարակությունը պետական լեզվով տեղեկություն ստանալու իրավունք ունի:
Ըստ մասնագետի` գովազդային վահանակներում հայերենը պետք է գերակայի, քանի որ պետական լեզուն պետք է առաջնայինը լինի: Կարող են լինել նաև օտարալեզու գրություններ, սակայն աառաջինը պետք է աչքի ընկնի հայերենը` թե տառաչափի մեծությամբ և թե պաստառի վրա զբաղեցրած դիրքով:
Քաղաքապետարանի ներկայացուցիչներ իրականացրած շրջայցի արդյունքում նման խախտումներ են հայտնաբերվել տնտեսվարող սուբյեկտների 30 տոկոսից ավելիի մոտ: