Կուրսկի նահանգապետը պատրաստակամ է Սփյուռքի նախարարությանն աջակցել նահանգի հայ համայնքին վերաբերող հարցերում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կուրսկի մարզից ժամանած պատվիրակությունը՝ նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավորությամբ մայիսի 24-ին հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպան ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կուրսկի մարզային ղեկավարության ներկայացուցիչները հավաստել են, որ Կուրսկի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է մարզի կրթական, մշակութային, բարեգործական ծրագրերին: Երկուստեք նշեվել է Կուրսկի հայ համայնքի ղեկավար Ալեքսան Կոշտոյանի մեծ ներդրումը համայնքային կյանքի կազմակերպման և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Հյուրերին են ներկայացվել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, տարբեր ոլորտներում անցկացվող համահայկական մրցանակաբաշխությունները և հայկական ներուժի համախմբման նպատակով կազմակերպվող մասնագիտական համաժողովները: Ներկայացվել են նաև նախարարության համար առաջնային համարվող հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու ճիշտ օգտագործման և հայրենադարձության խնդիրները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ ևս ակտիվ համագործակցել այդ ծրագրերն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Կուրսկի հայ համայնքին վերաբերող հարցերում: