Համաշխարհային ֆինանսական կառույցները կօժանդակեն հայկական մրգային հյութերի հիմնական արտադրողին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի անդամ IFC-ն ու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ) կօժանդակեն Հայաստանում մրգային հյութերի առաջատար արտադրողին՝ օգնելով գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման եւ արտահանման ծավալների ավելացման խնդիրների լուծման հարցերում: IFC-ն Եվրոթերմին՝ «Նոյան» մրգային հյութերի եւ պահածոների արտադրողին 2,5 միլիոն դոլար վարկ կտրամադրի, իսկ ՍԱԶԲ-ն՝ 2,05 միլիոն եվրոյի վարկային օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտադրության ընդլայնման արդյունքում կավելանան ընկերության թարմ միրգ եւ բանջարեղեն մատակարարող ֆերմերների վաճառքի ծավալները հատկապես Արմավիրի եւ Կոտայքի մարզերում:
«Նոյան» ընկերության հիմնադիր եւ նախագահ Էդուարդ Ղազարյանը նշեց, որ ֆինանսավորումն ու փորձագետների խորհուրդները կօգնեն հասնել ընկերության առջեւ դրված նպատակներին: «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մենք հույս ունենք շարունակել, արդիականացնել մեր արտադրանքը, ավելացնել աշխատատեղերի քանակը, մեր եկամուտներն ու արտահանման ծավալները»,- ասաց «Նոյան»-ի նախագահը: Վարկը տրամադրվում է 7 տարով՝ արտոնյալ պայմաններով (2 տարի ազատված են մայր գումարը վճարելուց) եւ շուկայականից ցածր տոկոսադրույքով:
Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում IFC-ի արտադրության ագրոբիզնեսի եւ ծառայությունների գծով տնօրեն Գի էլլենան նշեց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ամենամեծ «գործատուն» է եւ ունի արտահանման հզոր ներուժ: «Մենք ուրախ ենք օժանդակել շուկայում առաջատար «Նոյան» ընկերությանը՝ իրագործելու ընդլայնման իր նպատակը, քանի որ ծրագիրը շահեկան կլինի նաեւ ընկերության մատակարարների՝ փոքր ֆերմերների համար»,- ասաց Էլլենան: Բանկի տնօրենը նշեց, որ վերջին շրջանում իրենք սկսում են ուշադրություն դարձնել եւ ֆինանսավորել տնտեսության իրական հատվածին: Էլլենան կարեւորեց մրցունակության բարձրացմանն ուղղած քայլերի ձեռնարկումը: Նա նշեց, որ հաճելիորեն զարմացած է հոնի հյութի համային հատկանիշներից:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի արդյունաբերության ընդհանուր ճյուղերի, տրանսպորտի եւ զբոսաշրջության գծով տնօրեն Ալեքսեյ Ալեքսեեւն ուրախություն հայտնեց, որ IFC-ն իրենց հետ օժանդակում է ՀՀ գյուղատնտեսության մթերման շղթայի ամրապնդմանը: «Այս գործարքը լավ օրինակ է ուժերի միավորման համար, որը մշակում են միջազգային ֆինանսական կառույցներն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման համար»,- ասաց Ալեքսեեւը՝ հավելելով, որ այդ օժանդակությունը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը: Նա համագործակցության ընդլայնման հույս հայտնեց:
Համաշխարհային բանկի անդամ IFC-ի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: 1995-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, կառույցը մեր երկրում ներդրել է 244 միլիոն դոլար՝ 40 ծրագրի իրականացման համար: Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 1999-ից սկսած: Բանկը Հայաստանում ֆինանսավորել է 90 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ 20 գործարք: