ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական մի շարք ընկերությունների դեմ, որոնք աջակցում են միջուկային ծրագրի զարգացմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 12 ֆիզիկական անձանց եւ 8 ընկերությունների դեմ, որոնք աջակցություն են ցուցաբերում նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տեղեկատվությանը:
«Նշված միջոցառումները կոչված են ուժեղացնել ճնշումն իրանական ռեժիմի վրա այդ երկրի էներգետիկական հատվածի նկատմամբ գործող պատժամիջոցները խստացնելու ճանապարհով»,- ընդգծել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում:
Քաղաքացիների թվում, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, նշվում են Petrol Suiss Intertrade ընկերության կառավարող տնօրեն Մասուդ Բահադորին, Իրանի նավթի ազգային ընկերության ֆինանսական տնօրեն Մահմուդ Նիկուսոհանը, Իրանի պաշտպանության փոխնախարար Ռըզա Մոզաֆարինիան: Ցուցակում նշվում է նաեւ ոմն Վահարե Միրզա Հոսեյն Յազդի, որը Մեծ Բրիտանիայի հպատակ է:
Ինչ վերաբերում է ընկերություններին, ապա պատժամիջոցներ են սահմանված «Աբան էյր»-ի, «Անդիշեհ Զոլալ»-ի, D. F. S. Worldwide-ի, Energy global international-ի, «Էվերէքս»-ի, Global c line-ի, Petrol green-ի եւ «Զոլալ Իրան»-ի նկատմամբ:
Գործնականում ամերիկյան կողմի ձեռնարկած այս գործողությունները նշանակում են, որ ԱՄՆ-ի ֆիզիկական ու իրավաբանական անձանց արգելված է որեւիցե գործ ունենալ Իրանի հիշատակված քաղաքացիների ու ընկերությունների հետ: Բացի այդ, թվարկված ֆիրմաները զրկվում են ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտքի հնարավորությունից: