Արցախում լրագրողի մասնագիտական տոնին նվիրված միջոցառումը զուգորդվել է «Լրագրողական հանրագիտակ» գրքի շնորհանդեսով
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 Մայիսի, ԱՐՄԵնՊՐԵՍ:Արդեն երրորդ տարին է` Արցախում լրագրողները մայիսի 23-ին նշում են իրենց մասնագիտական տոնը: Տոնի առթիվ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում Արցախում գործող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ոլորտին նվիրված խնդիրների շուրջ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին` Արցախում լրատվադաշտը շարունակում է կայանալ: «Մեր հիմնական խնդիրն այսօր նոր կադրերի համար մասնագիտական բարձր մակարդակով կրթություն ապահովելն է»,-ասաց Գաբրիելյանը` նշելով, որ միջոցները սահմանափակ են, և անհրաժեշտություն կա մասնագետներին Երևանում և արտասահմանում վերապատրաստվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
Ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ քննարկումներից հետո տեղի ունեցավ նաև «Լրագրողական հանրագիտակ» գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են վերջին 140 տարում Արցախում գործունեություն ծավալած կամ Արցախի լրատվադաշտին առնչվող մարդկանց կենսագրական տվյալները:
Ինչպես նշեց գրքի հեղինակ, լրագրող Մհեր Հարությունյանը` գիրքը կազմելու ժամանակ` Հայաստանի ազգային արխիվում աշխատելիս, եղել են նաև բացահայտումներ այնպիսի լրագրողների, մտավորականների մասին, որոնց անունները մինչ այդ հանրությանը հայտնի չէին: «Այս աշխատանքը, կարծում եմ, առաջին քայլն է, քանի որ ասպարեզում շարունակվում են հայտնվել նոր անուններ»,-ասաց Մհեր Հարությունյանը: