Արցախի կառավարությունն աջակցություն կտրամադրի գարնանային չոր եղանակի պատճառով տուժած գյուղացիներին
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,22 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Արցախում տեղացած կարկուտը, բարեբախտաբար, գյուղատնտեսությանը լուրջ վնասներ չի հասցրել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: «Տուժել են մեկ-երկու համայնքներ, բայց ոչ մեծ չափերով»,-տեղեկացրեց ԼՂՀ գյուղնախարարը` նշելով, որ Արցախի հանրապետությունում ներկայում ընթացքի մեջ են 22 հակակարկտային նոր կայանների տեղադրման աշխատանքները: Գյուղնախարարի տեղեկացմամբ` եթե կարկտից դաշտերը չեն վնասվել, ապա ապրիլին եղանակային չոր, երաշտային պայմաններից տուժել են մոտ 2000 հեկտար ցանքատարածություններ: «Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց տարածքները տուժել են 2013թ-ի երաշտից, կառավարությունը որոշակի աջակցություն է նախատեսում: Կոնկրետ չեմ կարող ասել` ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում, ինչպիսի աջակցության ձևեր, բայց կարող ենք փաստել, որ միայնակ չենք թողնի հողօգտագործողին»,-ընդգծեց Անդրանիկ Խաչատրյանը: Շարունակվում են գարնանացանի աշխատանքները, սակայն, ինչպես նշեց նախարարը, կատարված աշխատանքի ծավալներն արդեն նախորդ տարվա ընդհանուր արդյունքները դերազանցում են մոտ 2000 հեկտարով` երեք ամսվա տվյալներով կազմելով 13 հազար հեկտարից ավելի տարածք: Արդեն սկսված են նաև աշնանացանի բերքահավաքի նախապատրաստությունները, և այս ուղղությամբ կատարվում են հակահրդեհային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտ ճշտումները: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից ընթացքի մեջ է կոմբայնների և գյուղատնտեսական այլ տեխնիկայի համար պահեստամասերի հայտերի ընդունումը, և առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր այն հողօգտագործողները, ովքեր կներկայացնեն մեր սահմանած կարգին համապատասխան փաստաթղթեր, կօգտվեն այդ փոխառության գումարներից»,-ասաց նախարարը` նշելով, որ անցյակ տարի կատարվել է աշնանացան ավելի քան 48 000 հեկտարի վրա: