Հասարակական

Կոմանդոսը դարձավ 74 տարեկան

2 րոպեի ընթերցում

Կոմանդոսը դարձավ 74 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) մայիսի 22-ին դարձավ 74 տարեկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է1939 մայիսի 22-ին Թբիլիսիում:

Ավարտել է զինվորական ուսումնարանը Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, 1987 թվականից` Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը, և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Տեր-Թադևոսյանը պատկանում է այն խորհդային սպաների թվին, որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում