Թուրքիայի դատարանի առջեւ է կանգնել Աթաթուրքի արվամոլ լինելու մասին պնդող հերթական քաղաքացին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք բլոգեր Թունջայ Թոքաթն իր akademidergisi.blogspot.com էջում եւ ֆեյսբուքում տեղադրել է Քեմալ Աթաթուրքի` ծովափին պառկած մերկ լուսանկարը եւ գրառել. «Աթաթուրքն արվամո՞լ է եղել»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հրապարակումը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայում: Մի քաղաքացի դատարանից պահանջել է հրապարակումը ճանաչել որպես Աթաթուրքի նկատմամբ վիրավորանք եւ քրեական գործ հարուցել բլոգերի նկատմամբ: Հարցաքննության ժամանակ Թունջայ Թոքաթն ասել է, որ Աթաթուրքի արվամոլ լինելու մասին տեղեկությունն ինքը քաղել է թուրք գրող Ռզա Նուրի`»Կյանքս եւ հիշողություններս» գրքից, որը հրապարակվել է 1992 թ-ին: Թուրք բլոգերը, հղում կատարելով Ռզա Նուրի գրքի 4-րդ հատորում Աթաթուրքի արվամոլ լինելու պնդմանը, գրել է. «Աթաթուրքին մի օր իր քարտուղարի որդու հետ տան այգում սեռական հարաբերություն ունենալու պահին «բռնացրել» է նրա կինը` Լաթիֆեն: Նա ասել է, որ շատ բան է տարել, սակայն այդ մեկն այլեւս չի կարող տանել: Լաթիֆեն մի քանի օր հետո բաժանվել է Աթաթուրքից»:
Ըստ բլոգերի` Ռզա Նուրը եղել է Թուրքիայի հանրապետության կրթության առաջին նախարարը: Սակայն նա 12 տարի ստիպված է եղել բնակվել արտասահմանում եւ Թուրքիա է վերադարձել Աթաթուրքի մահվանից հետո: Թեեւ թուրքական դատարանը Ռզա Նուրի գրքի վերաբերյալ հետաքննությունը դադարեցված լինելու հիմնավորմամբ թուրք բլոգերին անմեղ է ճանաչել, սակայն Անատոլիայի ծանր հանցագործությունների 7-րդ դատարանը հակաիրավական է ճանաչել այդ որոշումը եւ պահանջել նոր հետաքննություն սկսել Թունջայ Թոքաթի նկատմամբ:
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ Թուրքիա վերադառնալուց կարճ ժամանակ հետո Ռզա Նուրը կասկածելի հանգամանքներում մահացած է գտնվել իր տան բակում: