Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

Երեւանի ավագանու ընտրարշավում հեռարձակվող լրատվամիջոցներով ամենաշատը լուսաբանվել է ԲՀԿ-ն


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների ընտրարշավն ամենաակտիվը լուսաբանել է «Կենտրոն» հեռուստաալիքը, որին հաջորդում է «Երկիր Մեդիան»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 7-ին հրավիրված ասուլիսում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով ապրիլի 7-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, նշեց, որ ավագանու ընտրություններում մասնակից կուսակցություններին հատկացված եթերաժամանակի ծավալով երրորդ տեղում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, չորրորդում` «Հ2»-քը:

«Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերել են «Հ1»-ը եւ Հայաստանի հանրային ռադիոն»,- տեղեկացրեց Նավասարդյանը: Նրա խոսքով` երկրի քաղաքական գործընթացների նկատմամբ Հայաստանի հանրային ռադիոընկերության հարաբերականորեն թույլ հետաքրքրությունը կարելի է ավանդական համարել: Նավասարդյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի ժամանակ հատկապես քիչ ուշադրություն էր հատկացրել «Առաքելություն» կուսակցությանը: «Որքան էլ «Առքելություն» կուսակցությունը  քաղաքական դաշտում առայժմ ազդեցություն չունի, բայց նրանք հիմքեր ունեին ակնկալելու, որ Հանրային հեռարձակողը հնարավորություն կտար ներկայանալ ընտրողներին եթերից»,- ընդգծեց նա: Ի տարբերություն Հ1-ի` «Կենտրոն» հեռուստաալիքի գրեթե բոլոր բանավիճային հաղորդումները նվիրված էին ընտրություններին եւ քաղաքական գործընթացներին:

Միեւնույն ժամանակ «Կենտրոն»-ի հյուրերի թվում չկային ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչը, Նավասարդյանի գնահատմամբ, հարկ է դիտարկել ոչ թե որպես հեռուստաալիքի ընտրովի վերաբերմունք կուսակցությունների նկատմամբ, այլ որպես հանրապետականների ընտրովի վերաբերմունք հեռուստաալիքների նկատմամբ:

Համաձայն իրականացված մշտադիտարկման` ԶԼՄ-ների հանրագումարված տվյալներով Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցած քաղաքական ուժերից լուսաբանման ամնամեծ ծավալի արժանացել է ԲՀԿ-ն, սակայն եթե «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցանիշներին գումարվի «Ժառանգություն» կուսակցության այն լուսաբամումները, որոնք կապված չէին դաշինքում նրա անդամության եւ ընտրություններին մասնակցության հետ, ապա լուսաբանման ծավալի նրանց միագումար ցուցանիշները նույնիսկ փոքր-ինչ ավելի բարձր կլինեն, քանի ԲՀԿ-ինը:

Անդրադարձների հաճախականությամբ առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր, որն իրեն հատկացված եթերաժամանակով զիջել է ինչպես «Բարեւ Երեւան»-ին, այնպես էլ ԲՀԿ-ին:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների հանդեպ ճնշող առավելություն է ստացել ԲՀԿ-ն: Այս կուսակցությունը լուսաբանման ծավալով մրցակիցներից առաջ է անցել նաեւ Հ2-ի եթերում` քիչ տարբերությամբ քան «Կենտրոնում»: ՀՅԴ-ն մրցակիցների նկատմամբ փոքր-ինչ առավելություն է ստացել «Երկիր մեդիա» հեռուստաալիքում, ՀՀԿ-ն` «Հ1»-ում:

Հետազոտված մյուս երեք ԶԼՄ-ներում` «Արմնյուզ», «Արմռադիո» եւ Հայաստանի հանրային ռադիոյում, առավել բարձր հանրագումարային ցուցանիշ ունի «Բարեւ Երեւանը»:

Նշանային բնութագրիչներով անդրադարձների ամենաբարձր տոկոսը գրանցվել է երեք հեռուստաալիքներում, որոնցում լուսաբանման ծավալով առավելություն ունեն «Բարգավաճ հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք հաճախ են արտահայտվել ՀՀԿ-ի դեմ «միասնական ճակատով» հանդես գալու օգտին:

Նախընտրական քարոզչության ողջ շրջանում մշտադիտարկման տվյալներով լուսաբանումն առավել չեզոք է եղել «Հ1-ում»: «Հ2»-ը միակն էր, որտեղ ընտրությունների մասնակցած քաղաքական ուժերի դրական անդրադարձների թիվը գերազանցել է բացասականին, իսկ դրական անդրադարձների նկատմամբ բացասականների ամանամեծ առավելություններւ գրանցվել է «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» եթերում:

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ թվականի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկումն անցկացնում է Երեւանի մամուլի ակումբը` Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրերի շրջանակում, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:  




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ