Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանի ամբիոնը դարձել է Պարի միջազգային խորհրդի լիիրավ անդամ

Մանկավարժական համալսարանի ամբիոնը դարձել է Պարի միջազգային 
խորհրդի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարվեստի միջազգային օրվա` ապրիլի 29-ի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում ներկայացվեց համերգային տոնական ծրագիր, որին մասնակցեց նաեւ Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը:

«Շնորհավորում եմ բոլորին պարի միջազգային օրվա կապակցությամբ: Պարը յուրաքանչյուր ժողովրդի կերպարն է, կենսակերպն է, զգացմունքներն են: Պարն այն հազվագյուտ արվեստի ձեւերից է, որ ուղղակիորեն կապված է սրտի բաբախման հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր շնորհավորական խոսքը հղեց պարարվեստի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը` մաղթելով նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը նշեց, որ յուրաքանչյուր ազգի դարերի ընթացքում գոյության, զարգացման ճանապարհի անբաժանելի մասն է դարձրել նաեւ պարարվեստը:

«Պարը հնագույն այն արժեքներից է, որի շնորհիվ ցանկացած ժողովուրդ փորձում է ամրակայել իր խառնվածքը եւ հավաքական կերպարը: Երբ տասը տարի առաջ Հայաստանի պարարվեստի ազգային միության ջանքերով առաջին անգամ Հայաստանում նշվում էր պարի միջազգային օրը, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տասը տարի անց Մանկավարժական համալսարանի այս գեղեցիկ դահլիճում պարի նվիրյալները պարի միջազգային խորհրդի նախագահի ներկայությամբ կնշեն այս հրաշալի տոնը, որը տասը  տարի դարձել է պարասեր լայն հասարակության ամենասիրելի տոների մեկը»,- ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:

Նրա խոսքով` Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսն Երեւանում իր գտնվելու երկու օրերին հաճելիորեն զարմացել է այն բանի համար, թե ինչպես է մեր երկրում նշվում պարի միջազգային օրը:

«Ռաֆտիսն ասաց, որ մենք Հայաստանում անելիքներ չունենք, հակառակը Հայաստանի օրինակին պետք է հետեւեն այն երկրները, որտեղ պարի միջազգային օրը դեռ այս մակարդակով չի նշվում»,- իրենց հանդիպումից մեջբերեց Գեւորգյանը:

Ալկիս Ռաֆտիսը նշեց, որ իր համար շատ հաճելի է ներկա գտնվել պարի միջազգային օրվան նվիրված այս միջոցառմանը: Նա Գեւորգյանին հանձնեց հավաստագիր, որի միջոցով  Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնը այսուհետ կհանդիսանա Պարի միջազգային խորհրդի լիիրավ անդամ:

Միջոցառման ընթացքում հանրության դատին ներկայացվեց «Բերդ» պարային անսամբլի երկու նոր բեմականացումները:

Այս տարի պարի միջազգային օրվան միացել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, ինչի արդյունքում հանրապետության 120 դպրոցներում բարձր դասարանցիների համար ապրիլի 29-ին ժամը 15:00-ին Մանկավարժական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ուսուցանվելու է հայկական ժողովրդական ավանդական քոչարի պարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]