Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միասնականությունն ու պահանջատիրությունը պետք է մղիչ ուժ դառնան Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքներում. Արամ կաթողիկոս

Միասնականությունն ու պահանջատիրությունը պետք է մղիչ ուժ դառնան Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքներում. Արամ կաթողիկոս

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 6-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Լիբանանի կենտրոնական հանձնախմբի խորհրդակցություն, որը նախագահում էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Արամ Առաջինը կարեւորելով խորհրդակցության անցկացումը, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագրերն ու ձեռնարկներն ամփոփող միջոցառումներ չպետք է լինեն, այլեւ 2015 թվականին ընդառաջ, այնուհետեւ դրանք շարունակող նախաձեռնություննե դառնան: «Կրկնություններից եւ խաչաձեումներից պետք է խուսափենք: Մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ եւ գործնական»,- նշել է կաթողիկոսը:   

Անդրադառնալով Երեւանում կայացած ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողովին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հիշեցրել է իր ընդգծած երեք  բառերը` «հիշել, հիշեցնել եւ պահանջել»: «Հարյուր տարի շեշտը դրել ենք հիշելու վրա. մոմ վառեցինք, ոգեկոչման երեկոներ կազմակերպեցինք, գիրք տպեցինք: Այդ բոլորը կարեւոր են, որպեսզի մեր նոր սերունդները մեր նահատակների կտակով եւ ոգով թրծվեն: Սակայն այդ կետի վրա չպետք է կենտրոնանանք: Անհրաժեշտ է, որ մենք այսուհետ շեշտարենք պահանջատիրության եւ հատուցման հարցը»,- ասել է նա:

Արամ կաթողիկոսի խոսքով` հայ ժողովրդի իրավունքների հարցն ամբողջ հայ ժողովրդի հիմնահարցն է: «Հայաստանը պետություն է, Սփյուռքը` Սփյուռք: Կարող են հայկական հարցի առնչությամբ լինել տարբեր մոտեցումներ: Սակայն այդ տարբերությունների մեջ էլ պետք է լինեն ներքին ներդաշնակություն ու համադրում, մեկ խոսքով` պետք է միակամ գործենք եւ ամուր կերպով կառչած լինենք պահանջատիրությանը»,- ավելացրել է կաթողիկոսը:

Նա նաեւ ավելացրել է, որ ցեղասպանությունն անցյալին պատկանող դեպք չէ. Սփյուռքն այդ ցեղասպանության հետեւանքն է, որոշ իմաստով այդ ցեղասպանությունը շարունակվում է  նաեւ այսօր, եւ այդ գիտակցությամբ հայկական կառույցները պետք է գործեն:

Եզրափակելով իր ելույթը` Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ ցեղասպանության ճանաչման եւ հատուցման աշխատանքները երեք ճանապարհ ունեն` պատմական, քաղաքական եւ իրավական: «Ժամանակն է, որ առանց անտեսելու առաջին երկուսը` հստակ առաջնահերթություն տանք իրավական կողմին, եւ այս առումով հսկայական աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծել է նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]