Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դայակը` պահանջված զբաղմունք Հայաստանում. Մերի Փոփինսից մինչեւ մեր օրեր

Դայակը` պահանջված զբաղմունք Հայաստանում. Մերի Փոփինսից մինչեւ մեր օրեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատող ամուսինների առջեւ գերզբաղված առօրյան դնում է երեխային խնամելու պատասխանատու գործը մեկ այլ անձի վստահելու անհրաժեշտությունը: Տեղական եւ արտասահմանյան թոք շոուներին հավատալու դեպքում` դայակների մեծ մասը «դաժան» վարքագիծ ցուցաբերող անձինք են, ովքեր երեխային խնամելու եւ «կարգի բերելու» հարցում գործի են դնում միայն ծեծի մեթոդը: Այս բացասական երեւույթից անմասն չմնալով հանդերձ` Հայաստանում զարգացած երկրների նման վերջին տարիներին սկսել է ձեւավորվել դայակի ինստիտուտը, որը մի շարք պահանջներ է դնում այդ ոլորտում աշխատող անձանց առջեւ: Հայաստանում դայակ վարձելու միջինացված գինը մեկ ժամի դիմաց տատանվում է 500- 1000 դրամի միջակայքում, ժամը 09:00-18:00-ն դայակ վարձելու համար ծնողին անհրաժեշտ է վճարել օրական միջինում 4500-5000 դրամ:  

Լավ դայակ լինելը առաքելություն է

«Արմենպրես»-ի հետ զրույցում` մի քանի տարի շարունակ որպես դայակ աշխատող, երկու երեխաների մայր 32-ամյա Քրիստինե Աբաջյանը նշեց, որ իր համար դայակ լինելը պարզապես զբաղմունք եւ գումար վաստակելու միջոց չէ, այլ սիրված աշխատանք, որն ինքն անում է մեծ հաճույքով: «Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ, որ հանգամանքների բերումով որոշում է որպես դայակ աշխատել, գիտակցաբար մոտենա այդ քայլին»,- ասաց Քրիստինեն: Իր համոզմամբ` յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում, ինչը նշանակում է, որ դայակը նաեւ պետք է մի քիչ հոգեբան լինի` երեխայի սիրտը շահելու համար: «Ես իմ աշխատանքային պրակտիկայում դաստիարակել եմ արդեն հինգ երեխաների եւ հասկացել եմ մի պարզ բան, որ դայակն առաջին հերթին պետք է սիրի երեխաներին: Իհարկե, նա աշխատում է գումար վաստակելու համար, բայց այդ հանգամանքը պետք է երկրորդական լինի»,- շեշտեց փորձառու դայակը` ավելացնելով, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում փորձել է բացառել «չի կարելի» արտահայտությունը, այն լավ վերաբերմունքով եւ երեխայի ուշադրությունը մեկ այլ բանի վրա շեղելու միջոցով:

«Եթե երեխան շատ է սիրում կոնֆետ, բայց ծնողը արգելել է նրան ուտել այն, ապա պետք է ոչ թե բարկանալ նրա վրա, այլ հակառակը, փորձել մեկ այլ բան մտածել նրա ուշադրությունը շեղելու, այլ բանով զբաղեցնելու համար»,- ասաց Քրիստինեն: Նա համոզված է, որ դայակ լինելը առաքելության նման մի բան է, որ բոլորին չի տրված:

Դայակը չհերքեց, որ խնամելով երեխային` տվյալ կինը կամա, թե ակամա կապվում է երեխայի հետ, սիրում նրան, սակայն դա նույնպես հաղթահարելի է երեխայի հետ հետագայում պարբերական հանդիպումների, հյուր այցելելու միջոցով: Քրիստինեի` մասնագիտությամբ խոհարար լինելու փաստը նրան մեծապես օգնել է դայակ լինելու գործում: «Խոհարարական գիտելքիներին տիրապետելը, իհարկե, օգնում է հատկապես այն պարագայում, երբ օրը երեք անգամ պետք է թարմ ուտելիք պատրաստես երեխայի համար»,-հավելեց դայակը` հորդորելով մարդկանց բոլոր ոլորտներում լինել լավատես` լավ արդյունքների հասնելու համար:

Ընտանիքների կողմից դայակի առջեւ դրված պարտականությունների թվում են ոչ միայն կերակուրի պատրաստումը, այլեւ երեխայի հետ մեկ ժամ եւ ավելի զբոսանքը, հեքիաթի ընթերցումը, լոգանքը:

Մանկապարտեզը նպաստում է երեխայի սոցիալականացմանը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով` սոցիալականացման տեսակետից ավելի ճիշտ է, որպեսզի երեխան հաճախի մանկապարտեզ, ոչ թե դայակ ունենա, քանի որ մանկապարտեզում իր հասակակիցների հետ շփումը անփոխարինելի է երեխայի զարգացման համար: «Դայակ ունենալու իմաստ այն է, որ նա օգնի ծնողին, ոչ թե լիովին փոխարինի նրան»,- ասաց Աղուզումցյանը: Նրա խոսքով` չնայած դայակ վարձելու կամ չվարձելու որոշումը յուրաքանչյուր ծնող կայացնում է ելնելով իր զբաղվածության աստիճանից եւ հնարավորություններից, հարկավոր է կշռադատված մոտանալ այս խնդրին:

Հոգեբանը համոզված է, որ անգամ դայակին սովորելու, նրան սիրելու եւ որպես իր մասին հոգ տանողի ընկալելու դեպքում, երեխան ժամանակի ընթացքում ունակ է հաղթահարել այդ կախվածությունը, ինչին մեծապես պետք է նպաստի ծնողների ճիշտ մոտեցումը: Թեեւ գրեթե չկան մասնագիտություններ, որոնք բացառապես կանանց կամ տղամարդկանց համար են, հոգեբանի համոզմամբ` դայակը հենց այն եզակի մասնագիտություններից մեկն է, որը առավել բնորոշ է կնոջ հոգեբանական խառնվածքին, նրա մայր լինելու կոչմանը:

Հայաստանում որպես դայակ աշխատում են հիմնականում 35-50 տարեկան կանայք

2012 թվականի օգոստոսից Հայաստանում իր գործունեությունն է սկսել  դայակի մասնագիտացած ծառայություն մատուցող ընկերություն, որը ծնողներին առաջարկում է երեխայի խնամքի անգամ զարգացման համար անհատական պլանի մշակման հետ կապված գործառույթների մի ամբողջ փաթեթ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իմ դայակ» ընկերության համակարգող Նելլի Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպությունn ստեղծվել է Yerean home care ընկերության հիման վրա, որը տրամադրում է տնային առողջապահական խնամք հաշմանդամներին, քրոնիկական հիվանդությամբ տառապող եւ հատուկ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց։

«Առաջին պահանջը, որ մենք ներկայացնում ենք մեր կազմակերպություն դիմած դայակին` աշխատանքային փորձ ունենալն է, ինչպես նաեւ մարդկային հատկանիշները: Եթե դայակը համապատասխանում է մեր պահանջներին, ապա նա անցնում է մեր ընկերության կողմից իրականացվող հատուկ դասընթաց»,- տեղեկացրեց Մանուկյանը: Նրա խոսքով` ընկերությունը ուսումնսաիրելով ծնողների պահանջներն ու ցանկությունները, յուրաքանչյուր երեխայի տարիքային եւ անձնային առանձնահատկությունները, մի քանի տասնյակ թեկնածուներից օգնում է ընտրել համապատասխան թեկնածուին: Այս ծառայության դայակի առջեւ դրվում են հստակ պահանջներ, ինչպիսի են առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձը, մանկավարժի, հոգեբանի կամ բուժքրոջ կրթությունը, մանկան ֆիզիոլոգիական զարգացման նորմերի իմացությունը, առաջին բուժօգնության հմտությունների տիրապետումը, երեխայի սննդի նորմատիվների իմացությունը, տեղեկանք վարակիչ հիվանդությունների բացակայության մասին: Ծնողի պահանջի դեպքում դայակը պետք է տիրապետի նաեւ օտար լեզուների:

«Ցանկալի է, որ մինչեւ մեկ տարեկան երեխային խնամի բժշկական կրթություն ունեցող անձը, դրանից բարձր տարիքում մանկավարժական կրություն ունենալը բավարար է»,- ասաց համակարգողը: Նա նշեց, որ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում որպես դայակ աշխատում են հիմնականում 35-50 տարեկան կանայք, չնայած դրան կան դեպքեր, երբ անգամ 20-ից բարձր տարիք ունեցողները` երեխային լավ խնամելու գործում ավագ գործընկերներին բնավ չեն զիջում:

Կազմակերպությունն իրավաբականական գրանցում ունեցող դայակի ծառայություն առաջարկող հայաստանյան միակ կազմակերպությունն է, որն աշխատում է պայմանագրային հիմունքներով: Նախագծված աշխատանքային պայմանագրում հստակ նշվում են կողմերի պարտականություններն ու իրավունքները, քննարկվում են բոլոր մանրամասները ընտանիքի հետ` համոզվելու համար, որ ոչ մի կարեւոր նկատառում չի անտեսվել: Փոխհամաձայնեցման պարագայում, կնքվում է պայմանագիրը եւ դայակը անցնում է աշխատանքի: Դայակ-ընտանիք փոխհարաբերություններում ծագած ցանկացած խնդրին լուծում է տալիս կազմակերպությունը: Մանուկյանի խոսքով` հանդիպել են դեպքեր, երբ ծնողը այս կամ այն պատճառով դժգոհել է դայակից, սակայն տանը տեսաձայնագրման սարքերի տեղադրման արդյունքում կողմերը եկել են համաձայնության:

2011 թվականին հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը առարաջկում էր երեխայի խնամքի մասնագիտական դասընթացներ մայրիկների եւ դայակների համար: Կենտրոնում` մեկ օր ծառայություն մատուցելու դեպքում դայակի օրավճարն արժե 1-2 ժամի դեպքում` 3000 դրամ, 3-4 ժամի դեպքում` 4000,  իսկ ողջ օրվա` 24 ժամի արժեքն է 12000 դրամ:  Ամսավճարի պարագայում, երբ ծառայությունը մատուցվում է մեկ ամիս եւ ավելի ժամկետով` ծառայության դիմաց պահանջվող գումարն ավելի մատչելի է: Դայակ ընտրելու այս տարբերակը գերժամանակակից է, քանի որ հնարավարություն է տալիս վիրտուալ տիրույթում ծանոթանալ դայակների կենսագրությանը, ինչպես նաեւ տեսնել նրանց լուսանկարները:

Դայակի հանդեպ սիրո մասին դասական գրականությանը հայտնի լավագույն օրինակներից մեկը Ալեքսանդր Պուշկինի դայակ` Արինա Ռոդիոնովնան էր, ում կերպարը մեծանուն բանաստեղծը արտացոլել է «Եվգենի Օնեգին» պոեմում, «Բորիս Գոդունով» ողբերգության մեջ, «Ջրահարսը» պիեսում:

Գրականության մեջ անդրադարձ գտնելուց զատ դայակները նկարահանվել են նաեւ ֆիլմերում: «Մոսֆիլմ» ընկերության 1984 թվականին մեծ էկրան բարձրացած «Мэри Поппинс, до свидания» երկմաս հեռուստատեսային ֆիլմը հեղաշրջեց խորհրդային հանդիսատեսի պատկերացումները իդեալական դայակի մասին: Բենքս ընտանիքի երեխաների դայակը դառնալու  համար` հայտարարությամբ դիմած Փոփինսը բարեկիրթ եւ վստահելի անձնավորություն էր, ով տիրապետում էր իսկական լեդիի բոլոր կանոններին: Ֆիլմի հերոներ Ջեյնի եւ Մայքլի համար նրան հանդիպելը զարմանահրաշ արկածներ էր խոստանում: Գեղարվեստական ֆիլմի թեմատիկ շարունակությունը հանդսիացավ 2004-2009 թվականներին ռուսաստանյան շուկան գրաված «Моя прекрасная няня» ընտանեկան բազմասերիանոց կինոկամեդիան, որը նկարահավել էր ամերիկյան հանրահայտ «Դայակը» (1993-1999 ) սերիալի հիման վրա:

Գուցե մեր օրերում գեղարվեստական մարմնավորում ստանալու թեկնածուները դայակների շարքերում շատ չեն, սակայն եթե օտար մարդը կարողանում է հարազատ դառնալ երեխային` դա արդեն իսկ մեծ նվաճում է, քանի որ ինչպես ասում են, երեխային չես խաբի:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]