Պաշտոնական

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս տարի կայցելի Լատվիա եւ Էստոնիա

4 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս տարի կայցելի Լատվիա եւ Էստոնիա

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺհասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նշել է, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան եւ համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա եւ Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրել է, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երեւան: Գարնանը Հայաստան կայցելի նաեւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են եւ պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արեւելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի՝ համակարգային ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերը ինքնանպատակ չեն: «Այն միանգամայն բխում է մեր ժողովրդի շահերից ու մեր երկրի զարգացման հեռանկարից», - ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման եւ խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:

Դեսպանն իր հերթին վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանություններն անում են առավելագույնը ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այն լինելու է երկրում անշրջելի ժողովրդավարության կարեւորագույն պայմաններից մեկը:

Կողմերը կարեւորել են երկկողմ ձեւաչափով եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումն ու դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում