Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությանը կներկայացնի համամարդկային բովանդակության երգ

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությանը կներկայացնի 
համամարդկային բովանդակության երգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը պատվով ներկայացնելու հարցն այս տարի հանգուցալուծում ստացավ հունվարի վերջին, երբ Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովը ներքին ընտրությամբ «Եվրատեսիլ  2013» երգի մրցույթին որպես Հայաստանի ներկայացուցիչ ընտրեց «Դորիանս» ռոք խմբի անդամ Գոռ Սուջյանին: Երգչի համար եվրատեսիլյան կենսագրությունը սկսվել էր դեռեւս 2010 թվականին, երբ նա երգիչ Տիգրան Պետրոսյանի հետ ապահովեց Եվա Ռիվասի Apricote stone երգի բեք վոկալը: I can fly երգով արդեն 2009 թվականին մասնակցելով «Եվրատեսիլ»-ի հայկական նախընտրական փուլում` «Դորիանս»-ն ապահովեց բարձր վարկանիշ թե իր, թե հայկական ռոքի համար: Խումբը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի համար գրել էր This is our world երգը, սակայն նախորդ տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին: Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրության, ինչպես նաեւ մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցության այլ մանրամասների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սուջյանի հետ:

-2012 թվականին  խմբի կողմից արված հայտարարություններից տպավորություն էր ստեղծվել, որ «Եվրատեսիլ»-ը «Դորիանս»-ի համար փակված թեմա է, ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք, որ այս տարի Հայաստանը Դուք եք ներկայացնելու մրցույթում:

-Անցյալ տարի «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելու ցանկությունը մենք էինք հայտնել, սակայն այս տարի Հանրային հեռուստաընկերութունը ընտրեց մեզ: Որոշումը չմերժեցինք, որովհետեւ բնականաբար մեզ մոտ էլ առաջացավ ցանկություն մասնակցելու: Մենք խմբով հավաքվեցինք եւ քննարկում անցկացրինք այս հարցի շուրջ, որից հետո տվեցինք մասնակցության մեր համաձայնությունը:

-Ի՞նչ նախապատրաստական գործընթացում եք այժմ:

-Նախքան վերջնաժամկետը` մարտի 2-ը, այժմ պատրաստում ենք այն երգը, որը ներկայացվելու է ազգային ընտրությանը հենց մեր կողմից: Չորս կամ երեք ընտրված երգերը, որոնք կներկայացվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությանը պետք է լինեն «Դորիանս»-ի ոճի մեջ: Մեզ լսելով, կարծում եմ, բոլորն էլ հասկացել են, որ ռոքը շատ հարաբերական է: Մեր ոճից դուրս երգ բնականաբար չի ընտրվի եւ ինչ երգ էլ, որ ընտրվի պետք է լինի մեր ոճի մեջ, որպեսզի մենք չկորցնենք մեր դեմքը: Կարծում եմ` ոչ մեզ համար կլինի օգտակար, որ մենք կորցնենք մեր դեմքը, ոչ էլ երկրի:

- This is our world երգը սիրվեց եւ տարածվեց Youtube-ում հաշված րոպեների ընթացքում: Փոքր-ինչ բացելով փակագծերը, բավանդակային առումով, ինչի՞ մասին է լինելու այն երգը, որի շուրջ աշխատում եք: Արդյոք այն չի զիջի երգին, որը իհարկե Բաքու չհասավ, սակայն սիրվեց հանրության կողմից:

-Այո, Բաքու չհասավ, բայց իր «մեսիջ»-ը  որոշ մարդկանց հասցրեց, կատարեց իր առաքելությունը:  Բնականաբար, այս տարվա երգը կլինի This is our world երգի նման գլոբալ թեմայով, ոչ շատ կենցաղային, այլ ավելի գլոբալ շոշափվող, հոգեւոր, մարդկային եւ արժեքավոր թեմա: Երգը չի պարունակի «բիզնես» հասկացությունը:

-2012-ի սեպտեմբերին «Դորիանս»-ը Դերեք Շիրինյանի եւ «Դիփ Փարփլ» խմբի բաս կիթառահար Գլեն Հյուզի հետ ունեցավ մեծ մենահամերգ, որն իսկապես անտարբեր չթողեց երաժշտասեր հանրությանը: Առաջիկայում կա՞ն  համագործակցության հստակ ծրագրեր այլ անվանի երաժիշտների հետ:

-Դեռ չկան արտիստների անուններ, ում հետ հստակ պատրաստվում ենք աշխատել, սակայն կա ցանկություն եւ գաղափարներ, որոնց մասին կասեմ միայն այն ժամանակ, երբ հստակ լինի: Կարծում եմ` եւ Դերեքի, եւ Հյուզի հետ անպայման կշարունակենք համագործակցությունը ու նոր ծրագրեր կիրականացնենք:

-Հարցազրույցներից մեկում նշել եք,  որ Ձեր եւ խմբի արդեն նախկին պրոդյուսեր Վահագն Գեւորգյանի բաժանման պատճառը վերաբերվում է խմբի «ներքին խոհանոցին»: Չցանկանալով անդրադանալ խմբի «ներքին խոհանոցին»` ո՞վ է այժմ զբաղվելու խմբի առաջմղմամբ:

-Կարծում եմ` մենք կունենանք մենեջերական ընկերություն, ոը կաշխատի մեզ հետ, դա չի լինի մեկ մարդ, այլ մասնագետների խումբ: Արդեն քայլեր իրականացվում են այս ուղղությամբ:

-Վերադառնալով «Եվրատեսիլ 2013»-ին թեմային... Փորձը ցույց է տվել, որ եղել են շատ կայացած երաժիշտներ` Ալլա Պուգաչովան, Պատրիսիա Կասը,  ովքեր մասնակցել են «Եվրատեսիլ»-ին, սակայն որպես այդպիսին մրցույթը իրենց ստեղծագործական գործունեության վրա լուրջ հետք չի թողել, ի՞նչ եք ակնալում որպես երաժիշտ մրցույթից:

-Շատ եմ լսել, որ «Եվրատեսիլ»-ում ավելի կարեւոր է շոուն, քան երգը: Ընդհանրապես, երբ այսօր նայում ենք շոու բիզնեսին աշխարհի կտրվածքով, ապա շոուն երաժշտության ավելի մեծ հատվածն է, որն արդեն շատ ցուցադրական է: Անկեղծությունը կորել է, վերացել, եւ մենք պետք է փորձենք մի քիչ հետ բերել այդ անկեղծությունը: Այսօր քաղաքակրթությունը, տեխնիկական հնարավորությունները գնալով ավելի են զարգանում, սակայն մարդը դեգրադացիա է ապրում` դառնալով հաշվարկ, կտրվում է բնությունից:

Երբ նույն մթերքը աճեցնում են ջերմոցներում, որակապես նույնը չէ` նրա համեմատ, որն աճում է բնական հողում: Իմ կարծիքով` արվեստն էլ այդ նույն հողն է, որ չունի սահման, այսօր ամեն ինչ կարծես դարձել է հենց այդ «պարնիկում» աճեցրած: Կարծում եմ, հենց նույն «Եվրատեսիլ»-ում էլ կարելի է ներկայանալ որպես անկեղծ երաժշտություն սիրող եւ մատուցող երաժիշտներ: Մեր ցանկությունն է այդ ձեւաչափից դուրս չգալը: Շոու, բնականաբար, կլինի, բայց այն կլինի մինիմալիստական, ոչ գերակշռող հատվածը մեր ելույթի: Բերեմ «Ես կուլամ» երգի տեսահոլովակի օրինակը, որտեղ կա երկու աթոռ եւ մեկ պապիկ, որ խաղում է, սակայն տեսահոլովակն ունի նաեւ շատ խորը իմաստ եւ գաղափարը հասկանալի է դարձել անգամ մինիմասլիստական ոճում: «Եվրատեսիլ»-ում եւս եղել են ռեֆորմատորներ, հենց Սերբիան, որը 2008-ին ներկայացրեց ոչ այնքան եվրատեսիլյան ֆորմատի երգ եւ հաղթեց: 

-Տարբեր սոցիալական կայքերում հնչող ամենատարբեր քննադատությունից անմասն չեք մնում, որի մի մասն էլ վերաբերում Ձեր երաժշտական կրթություն չունենալուն: Բնատուր ձայնը վաղուց դարձել է Ձեր այցեքարտը, արդյո՞ք չունեք ցանկություն առաջիկայում լրացնելու նաեւ այն «բացը», որը Ձեզ հաճախ անխնա վերագրում են:

-Քննադատելու առիթ միշտ էլ լինելու է: Ես նորմալ եմ վերաբերում դրան եւ ընդունում եմ այն, որ չունեմ երաժշտական կրթություն: Բայց այս դեպքում ռոք բենդում երաժշտական կրթություն չունենալը ինձ դեռ չի խանգարել: Խմբի անդամակից տղաներն էլ կարող են փաստել, որ ես երգ եմ գրում, նվագում դաշնամուր, կիթառ, տարբեր երաժշտական գործիքներ այնքան, որքան ինձ հարկավոր է: Երաժշտական կրթությունը պետք է ակադեմիական տարբերակում, երբ դու սկսում ես որոշակի նախագծեր անել նվագախմբերի հետ: Հանդիսատեսը չի կարող ինձ գալ եւ ասել .«Ինձ վրա ազդում է քո երաժշտական կրթություն չունենալը», սակայն եթե ինչ-որ մեկին, ինչ-որ բան դուր չի գալիս, ես ընդունում եմ: Ես անգամ մտադրություն չեմ ունեցել երաժշիտ դառնալու, մինչդեռ տարբեր մարդիկ կողքից ինձ համոզել են, որ դա ինձ մոտ լավ է ստացվում, եւ ես ինքս շատ սիրում եմ երաժշտությունը:

-«Ես կուլամ»-ը «Դորիանս»-ի երգացանկում ընդգրկված եզակի հայալեզու ստեղծագործություններից էր: Առաջիկայում Ձեր երգացանկը կհամա՞լրվի նոր հայալեզու ստեղծագործություններով:

-Անպայման կլինեն նոր հայալեզու երգեր, բայց ոչ ստանդարտ հայերեն: Այսինքն` «Ես կուլամ»-ի սկզբունքով երգերը կգրվեն երգեցիկ հայերենով, եթե լիներ «ես լացում եմ» այն գուցե այնպես չհնչեր, ինչպես գեղեցիկ հնչում է «ես կուլամ»-ը: Այս ձեւաչափով երգեր, իհարկե, կլինեն, սակայն արհեստական, բիզնես մտածելակերպով չենք ցանկանում առաջնորդվել, սպասում ենք, որ այդ երգերը ծնվեն այն ժամանակ, երբ գա մուսան:

-Չնայած նրան, որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, ոմանց հաջողվում է եւ հուզել հանդիսատեսին: Ինչի ՞ մասին եք մտածում երգելիս, կա՞ հատուկ  միտք, որի վրա կենտրոնանում եք երգելու ընթացքում:

-Աշխատում եմ չմտածել: Միշտ երբ, միտքը կամ խելքը մեծ չափաբաժնով խառնվում են երաժշտությանը դա մի քիչ խանգարում է: Այդ պատճառով, երբ դուրս ես գալիս բեմ, դա հոգեվիճակ է, որի մեջ ուղեղը բացակայում է: Դու ընկնում ես էյֆորիայի, երաժշտության ազդեցության տակ եւ փորձում ես որոշակի էներգիա փոխանցել հանդիսատեսին, նա էլ քեզ է փոխանցում: Տվյալ երեւույթը անուն չունի: Երբ մտածում ես, խանգարում է: Չնայած մարդիկ տարբեր են, ես պատմում եմ միայն մեր մասին: Հաճախ նաեւ բազմաթիվ իմպրովիզներ են լինում համերգների ընթացքում` փորձում ենք արհեստական ոչ մի բան չմտցնել մեր երգերի մեջ:

-Եթե փորձեք մեկ նախադասությամբ բնորոշել, ապա ի՞նչ եք պատրաստվում անել «Եվարտեսիլ 2014»-ը Հայաստան բերելու համար:

-Մենք պատրաստ ենք պայքարելու, մեր գործը մեր առաքելությունը լավ կատարելու: Մնացածը, կարծում եմ, կախված է հաջողությունից, ճակատագրից... Ոչինչ միանշական չէ, մենք ոչ գնում ենք հաղթելու, ոչ էլ պարտվելու, մենք գնում ենք պատվով մասնակցելու եւ որպես արտիստ մեր գործը առավելագույնս լավ կատարելու:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]