Հայաստանում աննախադեպ աճպարարական մրցույթ-փառատոն կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում այս տարի ծրագրվում է անցկացնել նախադեպը չունեցող աճպարարների մրցույթ-փառատոն, որին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող աճպարարներ` աշխարհի տասը երկրներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ աճպարարների միության նախագահ, պրոֆեսիոնալ աճպարար Վարդան Ամիրյանը նշեց, որ նախագծի փաթեթն արդեն պատրաստ է, մնում է հովանավորներ գտնել: «Հրաշալի մի փառատոն է լինելու: Այդ օրը բոլորը գալու են հեքիաթի աշխարհ»,-ասաց նա:
2012 թվականի ապրիլի 1–ից գործունեություն սկսած Հայ աճպարարների միությունն այս ամիսների ընթացքում արդեն հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել: Մասնավորապես` միության նախագահությունը` Վարդան Ամիրյանի առաջարկությամբ, միաձայն նախագիծ է ընդունել, որը կապված է Հայաստանի մանկատներում, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարեգործական միջոցառումների կազմակերպման հետ: «Ծրագրի շրջանակում արդեն այցելել ենք հինգ մանկատուն: Առաջիկայում կլինենք նաեւ մյուս մանկատներում: Երեխաները մեծ հաճույքով եւ հետաքրքրությամբ են դիտում մեր համարները»,-ասաց Ամիրյանը: Հայաստանի գլխավոր աճպարարը հնարավոր է համարում, որ իրենց ելույթներից հետո մանկատան սաներից շատերը սիրեն արվեստի այս ձևը եւ, միգուցե, հետագայում ցանկանան դրանով զբաղվել:
Աճպարարներ միության գլխավոր նպատակներից մեկը` Հայաստանը միջազգային բեմահարթակներում ներկայացնելն է: «Հայ ազգը շնորհքով եւ տաղանդավոր ազգ է եւ ունի լավ երեխաներ, ովքեր հաստատ հաջողությունների կհասնեն»,-համոզված է Ամիրյանը:
Միության թեկնածու կամ անդամ կարող է դառնալ 13 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի` անկախ բնակությոան վայրից, ով ելույթ է ունենում աճպարարական ժանրում որպես պրոֆեսիոնալ կամ պարզապես հետաքրքրություն և սեր է ցուցաբերում այս ժանրի նկատմամբ: «Մեր միությունն ունի տասը անդամ եւ տասը թեկնածու: Նրանք հաճախակի հանդիպումներ են ունենում արվեստի բնագավառի նշանավոր ու տաղանդավոր մարդկանց հետ, ովքեր երեխաներին սովորեցնում են դերասանի վարպետություն, բեմական շարժումներ»,-ասաց միության նախագահը:
Հայ աճպարարների միությունը մշակութային, լուսաբանող, ստեղծագործական կազմակերպություն է: Այն միավորում է հայ աճպարարներին` պրոֆեսիոնալ, սիրողական և սկսնակ:
Միությունը նպատակ ունի բարձրացնելու էսթետիկական և գեղագիտական մակարդակը երիտասարդների և պատանիների մեջ, զարգացնելու և ամրապնդելու միջազգային կապերը համաշխարհային աճպարարների և աճպարարական միությունների հետ:
Առաջիկայում հեռուստատեսային հաղորդաշար կհեռարձակվի, որտեղ կներկայացվի, թե ինչպես իրական աճպարարությունը տարբերել խաբեությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում