Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Ապրիլ
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

x
Հարցում
Ո՞րն է Հայաստանի ամենահրատապ սոցիալ-քաղաքական խնդիրը
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը
Գործազրկությունը
Սպասվող նախագահական ընտրությունները
Արտագաղթը
Աղքատությունը

Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

19:26, 29 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները հունվարի 29-ին նիստեր են գումարել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ: Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատականներով` մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծերն անցել են քննարկումների երկար ճանապարհ, նաեւ խորհրդարանական արդյունավետ լսումներ են կազմակերպվել դրանց վերաբերյալ, ինչի արդյունքում, ի վերջո, հաջողվել է հղկված եւ ընդունելի ձեւակերպումներ ունենալ: Նախարարը հիշեցրեց, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերում հնարավոր է ամուսնություն նաեւ 16 տարեկանում, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի: Պատգամավորները ողջունեցին կառավարության կողմից կատարված փոփոխություններն ու լրացումները եւ քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովը, համահեղինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, որոշեց հետաձգել մինչեւ մեկ տարով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ օրենքի նախագծի նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված պաշարի ստեղծման իրավական հիմքերը, դրա կառավարման օպերատիվությունը եւ ձեւավորման ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ապահովելու հնարավորությունը: Նախարարի տեղեկացմամբ՝ պահուստային միջոցների օգտագործման օպերատիվությունից ելնելով՝ նախագծով առաջարկվում է պետական նյութական պահուստը օգտագործելու հնարավորություն տալ պետական մարմնի ղեկավարին՝ կառավարության թույլտվությամբ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց խնդիրը կարգավորել կառավարության լիազորությունների համատեքստում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Օրենսդրական փաթեթում ներառված փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն լրամշակելու հասկացությունների շրջանակը, փոփոխելու գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մեխանիզմը, հստակեցնելու կատարված վերլուծությունները փաստաթղթավորելու ու պահպանելու հարցը, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվող ահաբեկչության եւ վերջինիս ֆինանսավորման հանցակազմերը, փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի շրջանակը, որոշակիացնելու բռնագրավման ենթակա գույքի շրջանակը, սահմանելու խաղատների եւ շահումով խաղ կազմակերպողների, իրական շահառուների եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար «պատշաճության եւ համապատասխանության ստուգման» վերաբերյալ պահանջները: Պատգամավորները, կարեւորելով օրենսդրական փաթեթը եւ դրանում կատարված բարեփոխումները, մի շարք դրույթներ վերաձեւակերպելու, հստակեցնելու, տարանջատելու առաջարկներով հանդես եկան: Կորյուն Նահապետյանն առաջարկեց օրինագծերի փաթեթն ընդգրկել միայն նստաշրջանի օրակարգում եւ հնարավորություն տալ պատգամավորներին մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը հանգամանալից ծանոթանալու նախագծերին, հեղինակների հետ կազմակերպելու աշխատանքային քննարկումներ եւ ներկայացնելու իրենց առաջարկները, ինչը ընդունվեց եւ՛ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, եւ՛ հանձնաժողովի անդամների կողմից: Օրինագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Լրացվել են հիմնականում 172-րդ եւ 173-րդ հոդվածները, որոնց հստակեցումը բխում է միջազգային-իրավական փաստաթղթերի, ստանձնած պարտավորությունների, նաեւ ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից , որի համաձայն արգելվում է հղիության, ծննդաբերության արձակուրդի ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը կանանց՝ աշխատանքից ազատելը: Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ընթացքում աշխատողի աշխատատեղը չպահպանելու դեպքում նախատեսվում է օրենքով նախատեսված պատասխանատվություն : Պատգամավորները քննարկեցին նաեւ կառավարության հեղինակած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով, որի արդյունքում կբարձրանան նաեւ այդ անձանց կենսաթոշակների չափերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակները չեն հարկվում: Սահմանվում է, որ առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակները հաշվարկելու համար հիմք են աշխատավարձի եւ 0,9 գործակցի արտադրյալի չափը: Փաթեթի ընդունման պարագայում կկարգավորվեն նաեւ նախկինում նշանակված կենսաթոշակների (հավելավճարի) վերահաշվարկմանն առնչվող հարաբերությունները, ինչի շրջանակներում աստիճանաբար կվերանան նախկինում նշանակված եւ նոր նշանակվող կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունները: Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան՝ ընդգրկվելու նստաշրջանի եւ փետրվարի 4-7-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ