Հասարակական

Հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի կոմպոզիտորների տունը կկոչվի Էդվարդ Միրզոյանի անունով

2 րոպեի ընթերցում

Հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի կոմպոզիտորների տունը կկոչվի Էդվարդ Միրզոյանի անունով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը կանվանվի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունով: Այս մասին հունվարի 24-ին հրավիրված նիստում որոշեցին Հանրային խորհրդի և ՀՀ Կոմպոզիտորների միության անդամները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կարծիքով` Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունն Էդվարդ Միրզոյանի անունով կոչելը կլինի «անկեղծ և ճիշտ մոտեցում»: «Այնտեղ են գրվել հայ կոմպոզիտորների բազում ստեղծագործություններ, իսկ այդ ամենի հիմքը դրել է կոմպոզիտորը, և ամեն ինչ կապված է նրա անվան հետ: Այդ շենքի յուրաքանչյուր քարից, թփից ու ծառից Միրզոյանի շունչն է գալիս: Եվ վերջապես նրա շնորհիվ կառուցվեց այդ շենքը»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Մարտին Վարդազարյանը: Հանրային խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին այս գաղափարին:

Հանրային խորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցը Երևանի թիվ 44 դպրոցը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխիկյանի անունով կոչելն էր: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է: «Շատերի կարծիքով` մի շարք այլ նկարիչներ էլ կան, որոնց անուններով ևս պետք է լինեն դպրոցներ։ «Կարևոր է, որ անվանակոչվեն հիմնականում արվեստի դպրոցները»,- ասաց Աղամյանը։

Անվանակոչության վերաբերյալ այս առաջարկը նույնպես ընդունվեց միաձայն։

Օրակարգում էր նաև բարերար, հայ նշանավոր գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի անվան թանգարան ունենալու հարցը: Բարերարի ծոռան` Նինա Մանթաշյանցի կարծիքով` դրա համար անհրաժեշտ է իրավական կարգավիճակ և ֆինանսական օժանդակություն: Իսկ տարածքն արդեն կա. տրամադրել է մասնավոր բուհերից մեկի ռեկտորը: Հանրային խորհուրդն ընդունելի է համարում թանգարան ունենալու պահանջն ու գաղափարը, սակայն մնացած հարցերում օժանդակել ու ընդառաջել դեռ չի կարող։ Օրակարգի այս հարցը ևս ընդունվեց նիստի մասնակիցների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում