Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային մրցունակության հիմնադրամի բոլոր ծրագրերն ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը. Արման Խաչատրյան

Ազգային մրցունակության հիմնադրամի բոլոր ծրագրերն ուղղված են 
Հայաստանի 
տնտեսական զարգացմանը. Արման Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով, նպատակ ունի օգտագործել և զարգացնել կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում առկա մեծ ներուժը՝ համաշխարհային ասպարեզում Հայաստանի մրցունակության բարձրացման համար: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ նշված թիրախների ուղղությամբ կատարված աշխատանքների, արձանագրված հաջողությունների և ապագա ծրագրերի մասին:

-Պարոն Խաչատրյան, վստահ եմ, որ շատերը կկիսեն այն մոտեցումը, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մեր լրատվական դաշտում ամենահաճախ շրջանառվող կառույցներից էր և հիմնականում դրական լույսի ներքո: Տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, նոր ենթակառուցվածքների ստեղծում և այլն: Կասե՞ք` որն է հաջողության Ձեր բանալին:

-Անցնող տարին հիմնադրամի համար, իսկապես, առաջընթացի և ձեռքբերումների տարի էր: Պետական-մասնավոր համագործակցությամբ կարողացանք էական աճ արձանագրել տարբեր ոլորտներում՝ զբոսաշրջության խթանումից ու միջազգային ամենատարբեր հարթակներում Հայաստանի և Արցախի առաջմղումից մինչև Հայաստանում նորարարական առողջապահության խթանումը և համայնքային կայուն զարգացումը: Հաջողության բանալին, եթե կարելի է այդպես ասել, պայմանավորված է կառույցի առաքելության, գործունեության ձևաչափի և արժեքների գործոններով: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է գիտելիքահեն տնտեսության կառուցման տեսլականով` հիմնված ազգային և համաշխարհային համատեքստների համագոյակցության սկզբունքի վրա, իսկ մեր ծրագրերը կենսագործվում են մեր երկրի ռազմավարական հայեցակարգերի և դրանցից բխող նպատակային ծրագրերի ոգուն համահունչ: Ըստ այդմ՝ մեր առջև նպատակ է դրված բարձրացնել ազգային մրցունակությունը: Նման առաքելության իրականացման համար անչափ կարևոր նշանակություն ունի գործունեության այն ձևաչափը, որն ընկած է կառույցի գործունեության հիմքում: Այն է՝ պետական-մասնավոր համագործակցությունը, որի սկզբունքով էլ ներգրավվում են ռազմավարական նշանակության ներդրումները: Ինչպես գիտեք, մեր կառույցն ունի խորհուրդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, և այդ խորհրդի կազմի մեջ ընդգրկված են ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, այնպես էլ մասնավոր հատվածի՝ հայազգի առաջատար գործարարները՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Անդրե Անդոնյանը, Րաֆֆի Ֆեստեկջյանը և այս տարի խորհրդին միացած Հայկ Բաքրջյանը, Լորդ Արա Դարզին և Գոռ Նահապետյանը: Առանց մեր հոգաբարձուների խորհրդի նվիրումի և հոգատարության, մենք չէին կարող անել այն, ինչ արել ենք:

Արման Խաչատրյանը և հայազգի լորդ Արա Դարզին

-Դուք նշեցիք զբոսաշրջության խթանում և Հայաստանի ու Արցախի առաջմղում միջազգային մակարդակում: Ինչպե՞ս եք կարողանում մեկտեղել այս երկու գործառույթները:

-Դրանք ի սկզբանե զուգորդված են: Ցանկացած տեսակի արժեք, որ ներկայացվում է դրսում, ի սկզբանե արտացոլում է հայկականը: Այս իմաստով, զբոսաշրջային այն արդյունքները, որոնք ներկայացնում ենք միջազգային բազմապիսի հարթակներում, ինչպես նաև ներկայացման, մատուցման ձևը՝  դրանք են ձևավորում Հայաստանը, Հայաստանի պատկերը արտասահմանցու համար: Մենք փորձում ենք առավելագույնս ներկայացնել մեր երկիրը և դա անում ենք ամենայն պատասխանատվությամբ, հետևաբար՝ ըստ պատշաճի: Թերևս մեր կազմակերպվածության շնորհիվ հնարավոր եղավ քանիցս հակազդել թշնամական ավանդական ու ստահոդ քարոզչության տարածմանը Փարիզում, Տոկիոյում, Լոնդոնում: Եվ անչափ ուրախ եմ, որ ձևավորեցինք, համեայն դեպս, մեր ոլորտում, մի շատ կարևոր սովորույթ՝ ներկայանալ Արցախի հետ միասին միևնույն տաղավարի ներքո: Սա, անշուշտ, կարևոր ազդակ է միջազգային հանրությանը:

-Ասացիք, որ ձեր ծրագրերն իրագործում եք ազգային ու միջազգային համատեքստերի գոյակցության սկզբունքով: Կպարզաբանեի՞ք:

-Ազգային մրցունակությունն առաջին հերթին չափվում է տարածաշրջանային, և եթե ավելի պրագմատիկ՝ գլոբալ մրցունակության մակարդակում: Այսինքն, մենք պետք է ձգտենք մրցունակության այնպիսի մակարդակի, որ կարողանանք մրցել աշխարհի տարբեր երկրների հետ: Այս նպատակի համար մենք, այսպես ասած, ներդրում ենք արել գիտելիքի ռեսուրսի վրա, որը, ի տարբերություն էներգոռեսուրսների, հարատև է և կայուն զարգացող: Նաև բնորոշ է մեզ՝ հայերիս: Գիտելիքը, սակայն, որպես այդպիսին, առևտրային արժեք չունի այնքան ժամանակ, մինչև որ այն չի դրվում գործողության մեջ՝ նպատակային օրակարգի մեջ: Այս պատճառով փորձում ենք միջազգային լավագույն փորձն ու հաջողված «know-how»-ները արդյունավետորեն ներդնել մեր միջավայրում: Օրինակ՝ ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ծրագիրը, որի շինարարությունն, ինչպես գիտեք, արդեն սկսվել է և որը կարելի է դասել տարվա ձեռքբերումների թվին: Հիմնվելով ապացուցողական բժշկության սկզբունքների վրա և օգտագործելով եվրոպական ուղեցույցների կիրառմամբ ժամանակակից եղանակներ՝ կենտրոնը նպաստելու է hանրապետության բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցմանն ուղղված պետական քաղաքականությանը: Կենտրոնի գործարկումը նաև կխթանի Հայաստանում միջուկային բժշկության հիմնման, այդ ոլորտի մասնագետների պատրաստման և համապատասխան կրթական ծրագրերի ներդրման գործընթացները: Կարող եմ հավաստիացնել, որ ուռուցքաբանության այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի:

ՀՀ Կառավարությունում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, Արման Խաչատրյանը և Հայկ Բաքրջյանը ստորագրեցին փոխըմռնման հուշագիր ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնի ստեղծման վերաբերյալ: 

-Բացի առողջապահության ծրագրից, երկրի ներսում մրցունակության խթանման ուղղությամբ ի՞նչ այլ ծրագրեր եք նախաձեռնել այս տարի:

-Ինչպես նշեցի, մեր բոլոր ծրագրերն իրենց վերջնական արդյունքում ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը, առավել ևս, եթե ասվածը պայմանավորենք ներկայիս աշխարհի տրամաբանությամբ, երբ դասական համարվող սահմաններն իրենց տեղը զիջում են տեղեկատվական անսահման տարածություններին: Այս առումով մենք փորձում ենք այս նոր տարածաժամանակում առավել թիրախային նախանշել Հայաստանի տեղն ու դերը և դրան համապատասխան ծրագրեր իրականացնել: Այս համատեքստում կուզենայի առանձնացնել վերջերս Կառավարության և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնած զբոսաշրջության վիճակագրական հետազոտությունը, որը հանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալ հնարավորինս հավաստի տվյալների հավաքագրմամբ փորձելու է նպաստել մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորմանը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սիե) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության Հարավային Կովկասում տնտեսության խթանման ծրագրի (GIZ) միջև տորագրվեց մտադրություների հուշագիր զբոսաշրջության վիճակագրական հետազոտություն իրականացնելու մասին: 

-Կարծես թե «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նույնպես այդ ծրագրերի շարքին է դասվում:

-«Տաթևի վերածնունդը» յուրահատուկ է իր կառուցվածքով և բովանդակությամբ: Ծրագրի իրականացման հիմքում դրված է պատմամշակութային ժառանգության վերականգնման և պահպանման, զբոսաշրջային նոր արժեքների բացահայտման և դրանց նպատակային կիրառման, ինչպես նաև այդ արժեքների՝ շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ ծրագիրն ուղղված է՝ ապահովելու 9-րդ դարի Տաթևի վանական համալիրի և նրա հարակից տարածքների բազմաչափային վերականգնումը, ներառյալ տեղական կարիքների և ռազմավարական գերակայությունների զուգորդման սկզբունքով զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը տարածաշրջանի համալիր զարգացման համար նոր հիմքերի կայացման հեռանկարով: Այս առումով կուզենայի առանձնացնել Տաթևի համայնքային զարգացման ծրագիրը, որը «Տաթևի վերածնունդ» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն նպատակ ունի նպաստել զբոսաշրջիկների թվի աճին, աշխատատեղերի ստեղծմանը և համայնքային ունակությունների զարգացմանը: Ահա վերոհիշյալ այս դեպքերում է, որ խաչաձեւվում կամ զուգորդվում են գլոբալն ու ազգայինը, ազգայինն ու համայնքայինը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ մեկնարկեց Տաթևի համայնքային զարգացման ծրագիրը:

-Բազմաբնագավառ գործունեության արդյունքների ներկայացումից հետո մնում է հարցնել՝ ի՞նչ եք անելու գալիք տարում՝ 2013թ.-ին:

-Գործունեության մեր ուղղությունները չեն փոխվելու, սակայն նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու:

-Ինչպես օրինակ՝ «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցու՞յթը:

-Նաև այդպիսի նորարարական բնույթի նախաձեռնություններով և բոլոր հնարավոր այն միջոցառումների ձեռնարկմամբ, որոնք կնպաստեին մեր երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: Եվ, բնականաբար, աշխատելու ենք ավարտին հասցնել նախատեսված ծրագրերը: Չէի կամենա շատ ինքնավստահ լինել, բայց կարող եմ հավաստիացնել, որ աշխատելու ենք էլ առավել ակտիվությամբ և լրացուցիչ ջանքերով:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք գալիք տարուց և ի՞նչ կմաղթեիք այս առթիվ:

-Սպասելիքները շատ են, բայց ինչպես ասում են, ամենակարևորը այդ սպասելիքների և դրան համազոր հնարավորությունների արդյունավետ համադրվածությունն է: Իսկ այդ համադրելիությունը կարող է ստեղծվել միայն մշտական ու անխոնջ աշխատանքով: Ուստի մեզ՝ բոլորիս, կմաղթեի խաղաղ աշխատանք՝ խոնարհությամբ ու նվիրումով ծառայելու մեր հայրենիքին: Եվ թող Աստված լուսավորի մեր ձեռնարկումները՝ կառուցելու ապագայի մեր Հայաստանը:

-Շնորհակալություն Ձեզ և հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկումներում:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը՝ Հակոբ Վարդանյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]