Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

 

Հրայր Թովմասյանը համոզված է` առաջիկա չորս տարում արդարադատության բոլորովին այլ համակարգ կստեղծվի


ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2013-ին շահագործման կհանձնվի պատմության մեջ աննախադեպ` 400 տեղանոց Քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն, առաջին հերթին, կլուծի գերծանրաբեռնվածության խնդիրը: «Քրեակատարողական համակարգը նախորդ տարում ամենաքննարկվածներից մեկն էր եւ գուցե ամենախոցելին: Սա այն համակարգն է, որտեղ շատ արագ փոփոխություններ տեսնել չի կարելի, այստեղ մի քանի խնդիր կա` ենթակառուցվածքների, շենքային պայմաններi եւ այլն»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` առանց նշված խնդիրների լուծման` հնարավոր է հասնել միայն կոսմետիկ փոփոխությունների, արմատական բարելավում հնարավոր չէ, սակայն դա գլխավոր խնդիրն է: Թովմասյանը նշեց, որ երբ ունես գերծանրաբեռնվածություն, կազարմային տիպի խցեր, չես կարող հասնել քո հետապնդած նպատակին: Նա նկատեց, որ համապատասխան կադրեր պատրաստող որեւէ հաստատություն չկա, ուստի կադրերը մնում են առաջնային խնդիրը: «Մեզ մոտ դեռ շարունակվում է մտածողությունը` եթե հանցագործ է, ապա նրան պետք է պատժել, նոր-նոր փոքր ծիլեր կարող ենք տեսնել այն առումով, որ հանցագործը մարդ է, ով ուղղվելու, փոխվելու եւ նորմալ հասարակություն ընդգրկվելու, ինտեգրվելու հնարավորություն ունի»,- ասաց նախարարը: Մինչեւ տարեվերջ կլինի պրոբացիոն ծառայության օրենսդրական փաթեթը եւ 2014-ի հունվարից կգործի այդ ծառայությունը, որ նոր բովանդակություն կհաղորդի դատապարտվածների հետ տարվող աշխատանքներին:

«Շատ ավելի վատ է, երբ դու չես տեսնում խնդիրները, քան երբ չես տեսնում դրանց լուծումները»,-ասաց Թովմասյանը` ընդգծելով, որ տեսնում է թե խնդիրները, թե լուծումները, որոնցից շատերը դեռ մյուսների համար տեսանելի չեն: Առաջիկա չորս տարին լինելու է ոլորտում այլ համակարգի ստեղծման ժամանակահատված: Նախորդ տարվա ձեռքբերումներից Թովմասյանն առանձնացրեց իրավաբանական անձանց գրանցման համակարգի բարեփոխումները եւ նշեց, որ այս առումով եթե աշխարհում առաջինը չենք, ապա առաջին հնգյակում ենք, երբ հինգից յոթ րոպեում հնարավոր է գրանցել իրավաբանական անձ` առանց քաշքշուկի: Քաղաքացիների հաշվառման ողջ համակարգը թվայնացված է:

Նախարարը հայտնեց, որ նոտարիատի համակարգը մեր իրականության մեջ առաջիններից մեկն է, որտեղ 0 տոկոս ստվերայնություն կա: Համակարգում գործարքների թվի կրճատում է գրանցվել` պայմանավորված այլ հանգամանքներով, սակայն առաջին ութ-ինն ամսվա ընթացքում կա վճարված հարկերի 18 տոկոս աճ: Համակարգի զարգացման տեսլականը, Թովմասյանի խոսքով, հետեւյալն է` նոտարիատը պետք է լինի մեր տնտեսական հարաբերությունների գլխավոր կայունության տարրերից մեկը:




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ