Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կուտակային կենսաթոշակային համակարգը կկառավարեն միայն հեղինակավոր միջազգային կառույցները

Կուտակային կենսաթոշակային համակարգը կկառավարեն միայն հեղինակավոր 
միջազգային կառույցները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում առնչվելու է հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների: Սա նոր տնտեսական մոդել է, որտեղ քաղաքացիները իրենք են կուտակելու իրենց ապագա կենսաթոշակը: Համակարգի ներդրման, գործարկման, հնարավոր ռիսկերի և առավելությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի հետ:

-Ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մասնակիցների ընտրությունը:

-Առաջին հերթին ձևավորելու է ակտիվների կառավարիչների ինստիտուտը, որոնք իրավաբանական անձիք են լինելու: Նրանք կառավարելու են այն պորտֆելները, որտեղ կոլեկտիվ մասհանումների արդյունքում կուտակվելու են դրամական միջոցները: Օրենքով նախատեսվում է երեք տեսակի կենսաթոշակային ֆոնդեր` բարձր, միջին և առանց ռիսկայնության: Ֆոնդերի կառավարինչները ՀՀ կենտրոնական բանկում պետք է անցնեն լիցենզավորման գործընթաց և միաժամանակ գործունեության ծրագիր պետք է ներկայացնեն, որը ԿԲ-ն պետք է հաստատի: Եվ այդտեղ նշվելու է իրենց կառավարվող պորտֆելների տեսակի մասին տեղեկատվությունը: Եթե պորտֆելի կառավարչին տրամադրվի լիցենզիա, ապա նա նշելու է, թե որ ռիսկայնության պորտֆելն է կառավարելու: Եվ շահառուն պետք է որոշում կայացնի, թե ով պետք է լինի իր ակտիվների կառավարիչը և որ ռիսկային պորտֆելում է ներդնելու իր կուտակային գումարները:  Եթե քաղաքացին չի կողմնորոշվում ակտիվների կառավարչի և պորտֆելի ընտրության հարցում, ապա էլեկտրոնային մոդուլի` հավանականության տեսության միջոցով են  բաշխվելու այդ մարդկանց գումարները:  

-Իսկ ի՞նչ  մեթոդներով է իրականացվելու համակարգի գործունեությունը և վերահսկողությունը:

-Վերահսկողությունն իրականացվելու է ակտիվների կառավարիչների նկատմամբ, այլ ոչ թե դրամական պորտֆելների, և այն ունենալու է մի քանի մակարդակ: Առաջինը` օրենքով նշված է, թե որտեղ ակտիվների կառավարիչներ կարող են ներդրումներ իրականացնել: Եթե դրսում են ներդնելու գումարները, ապա միայն Տնտեսական զարգացման համագործակցության կազմակերպության երկրներում: Դրանք կարող են ներդրվել պետական, մասնավոր ցուցակագրված հայտնի ընկերությունների արժեթղթերում և այլն:

Երկրորդ մակարդակում` ՀՀ կառավարության որոշմամբ գործելու են արժույթային և քանակական սահմանափակումներ: Գոյություն ունեն ՏՀԶԿ-ի երկրների կենսաթոշակային ֆոնդերի կառավարման սկզբունքներ, որոնք արգելում են բոլոր միջոցները մեկ զամբյուղում ներդնել: Չի թույլատրվելու 40 տոկոսից ավելին ներդնել արտարժույթային ակտիվների մեջ:

Երրորդ մակարդակը ՀՀ ԿԲ-ի վերահսկողական գործիքներն են, որը իրեն հատուկ ֆինանսական կարգավորման միջոցներով, նորմատիվային համապատասխան դրույթներով վերահսկելու  է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին:

Չորրորդ մակարդակը թափանցիկության ինստիտուտն է: Հասարակությունը պետք է տեղականա, թե ակտիվների կառավարիչներն ինչպիսի գործունեություն են ծավալում: Եվ կառավարիչներն օրական կտրվածքով պարտավոր են տեղեկատվություն տրամադրել ակտիվների զուտ արժեքի մեկ փայի մասով : Յուրաքանչյուր փայի արժեքի հրապարակման պարագայում շահառուն տեսնելու  է և էլեկտրոնային հաշվիչի օգնությամբ հաշվարկելու, թե ներդրված դեպոզիտին ինչ տոկոսներ են հաշվեգրվել և ինչքան է այն կազմում:

-Տարիքային ո՞ր խմբերն են ընդգրկվելու կենսաթոշակային բարեփոխումներում:

 -Որպես պարտադիր կուտակային համակարգի շահառուներ և մասնակիցներ ընդգրկվելու են 1974թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները: Ակտուարական հաշվարկներն իրականացվել են այն սկզբունքով, որպեսզի գոնե կենսաթոշակային համակարգի առաջին ստացողների մոտ ապահովվի 40-50 տոկոս թոշակ/աշխատավարձ հարաբերակցությունը: Ներկայում այդ գործակիցը 25 տոկոս է:

-Ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ են  մասնակցելու կենսաթոշակային կուտակային համակարգին քաղաքացիները և պետությունը:

Կենսաթոշակային կուտակային համակարգի մեկնարկից հետո, մարդու աշխատավարձից իր անհատական հաշվին պետք է փոխանցվի տասը տոկոս, որից հինգ տոկոսը տրամադրում է անհատը, իսկ 5-ը ավելացնում է պետությունը: Պետությունը ունի սահմանագիծ, որից բարձրի դեպքում չի կարող մասնակցություն ունենալ: Դա 25 հազար դրամ կամ 500 հազար դրամ աշխատավարձը:  Մեկ միլիոն աշխատավարձի պարագայում պետությունը տալու է 2,5 տոկոսը, իսկ անհատը` 7,5 տոկոսը:

Սակայն պետությունը չի կարող անվերջ ներդրումներ կատարել կենսաթոշակային կուտակային համակարգում, քանի որ բնակչության եկամուտներն աստիճանաբար աճելու են: Պետությունը սկզբնական շրջանում քաղաքացու հետ կկիսի ռիսկերը, այնուհետև դուրս կգա համակարգի վճարումներից, դա է հուշում նաև համաշխարհային փորձը: Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման առաջին տարում պետության մասհանումները կկազմեն  ՀՆԱ-ի 0,4 տոկոսը, երեք տարի հետո` 0,8 տոկոսը, այնուհետև նվազելու է մինչև 0,2 տոկոսը:

-Իսկ չաշխատող քաղաքացին կարո՞ղ է ինքնակամ գրանցվել և մասնակցել պարտադիր կուտակային համակարգին: Եվ ինչպե՞ս է օրենքը գործելու գյուղացիական տնտեսությունների նկատմամբ:

-Ըստ գործունեության տեսակների խնդիրներ կան: Գյուղատնտեսությունում զբաղվածները և ինքնազբաղվածներն անկանոն եկամուտ են ստանում և խնդիր ունեն եկամուտների հայտարարագրման հետ: Կենսաթոշակային կուտակային համակարգին պետք է մասնակցեն կայուն աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը: Իսկ գյուղատնտեսությունում զբաղվածների և ինքնազբաղվածների դեպքում, եթե ունեն բավարար աշխտանքային ստաժ,  սոցիալական կենսաթոշակ կստանան, գումարած յուրաքանչյուր տարվա ստաժի համար դրամական հավելումները: Սակայն այն ինքնազբաղվածները կամ գյուղացիական տնտեսությունները, որոնք կցանկանան միանալ պարտադիր կուտակային համակարգին կարող են դա իրականացնել: Դա վերաբերում է նաև 1974-ից առաջ ծնված անհատներին ևս:

-Ո՞վ է լինելու կուտակային կենսաթոշակային համակարգի երաշխավորը:

-Սա ժողովրդի համար ամենազգայուն հարցն է: Դեռևս թարմ է խորհրդային ավանդների կորուստը, և ժողովուրդը ասում է, ես կուտակել էի գումարներ, ո՞ւր են դրանք, ո՞վ է երաշխավորը: Ռիսկեր կան, սակայն կարևորը այն է որ  կուտակային միջոցների հիմքում դրված է սեփականության ինստիտուտը: Առաջինը` մարդը որևէ դժբախտության, պատահարի դեպքում կարող է տնօրինել այդ գումարները: Սա թափանցիկ համակարգ է լինելու և սեփականության ինստիտուտը հստակ ամրագրված է: Մարդը իր միջոցները ինքնուրույն է կառավարելու, քանի որ սեփական որոշման արդյունքում է գումար վստահելու ակտիվների կառավարչին: Պետությունը պետք է այնպիսի խաղի կանոններ մշակի, որ այդ գումարները ապահով լինեն: Երկրորդ` գումարների ժառանգության հարցը. եթե մարդը վաղաժամ մահանա, քանի որ կուտակված միջոցներն իր սեփականությունն է, օրենքով ժառանգները կարող են տիրապետել այդ գումարներին: Երորորդ` ռիսկերի նվազեցման ինստիտուտը: Չորրորդ` երաշխիքների ինստիտուտը, եթե ակտիվների կառավարիչը խնդիրներ ունենա: Ակտիվների կառավարիչների համար կոշտ սահմանափակումներ են գործելու. ոչ բոլորը կարող են այդ ակտիվների կառավարիչ դառնալ: ԿԲ-ի ընթացակարգերով, միայն հեղինակավոր միջազգային ինստիտուտները  կարող են լիցենզիա ստանալ: Արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել անգլիական «Նորտոն Ռոկ»ը, «CAM Group»-ը, որը 30-40 երկրներում գործունեություն է ծավալում:  Ակտիվների կառավարիչը նաև սեփական միջոցները պետք է ներդնի` առնվազն 1 տոկոսի չափով: Պահառության ինստիտուտ է լինելու, որը հսկելու  է կառավարիչների կողմից իրականացվող  ակտիվների տեղաշարժը և արդյոք իրականացվող ներդրումները համապատասխանում են օրենսդրությանը: Կառավարիչը չի կարող չհիմնավորված փոխանցումներ կատարել անհայտ ուղղությամբ, պահառության ինստիտուտը միանգամից արգելափակելու է այդ փոխանցումը:

Եվ վերջինը `երաշխիքի ինստիտուտը: Օրենքով ստեղծվելու է  դեպոզիտների երաշխավորության ինստիտուտ: Երաշխիքային հիմնադրամ է ստեղծվելու, որտեղ միջոցները գոյանալու են ակտիվների կառավարիչների մասհանումներից` 20 տոկոս, իսկ մնացած 80 տոկոսը` բյուջեն իր կողմից պետք է փոխհատուցի:

Հարցազրույցը` Արտակ Մարկոսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]