Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ գործարարները սիրիահայերին տարբեր ոլորտներում աշխատանքներ առաջարկեցին

Հայ գործարարները սիրիահայերին տարբեր ոլորտներում աշխատանքներ 
առաջարկեցին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի համար այսօր համար մեկ խնդիրը աշխատանքի տեղավորման հարցն է: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում առաջարկվող աշխատանքների դիմաց վճարվող աշխատավարձն այնքան էլ չի գոհացնում սիրիահայերին, քանի որ նրանք բարձր աշխատավարձի են սովոր: «Մեր նախարարության աջակցությամբ արդեն 120 սիրիահայ աշխատանքի է տեղավորվել: Սիրիահայեր կան, ովքեր ուզում են սկսել իրենց սեփական բիզնեսը: Անհրաժեշտ է ամեն ինչ անել` օգնելու ամենակարիքավոր սիրիահայերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այժմ դինամիկ զարգացում ունի, եւ կան լուրջ հեռանկարներ: «Մենք ուրախ կլինենք, որ այդ գործընթացներին մասնակից լինեն նաեւ մեր հայրենակիցները: Մենք ոսկե սարեր չենք խոստանում, բայց շարունակական աջակցություն ապահովելու ենք: Բոլոր հնարավոր ռեսուրսները տրամադրելու ենք, որպեսզի լուծվեն սիրիահայերի աշխատանքի հետ կապված խնդիրները»,-ասաց Տիգրան Դավթյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նոյեմբերի 9-ին ստորագրած հրամանի համաձայն` սիրիահայերն առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական 14 ծրագրերում: «Արդեն 194 սիրիահայերի հետ սկսել ենք աշխատել: Արդեն կան աշխատանքի տեղավորվածներ: Սիրիահայ երիտասարդների համար բավական հետաքրքիր ծրագրեր ունենք: Հաշմանդամ սիրիահայերի համար էլ պատրաստ ենք աշխատատատեղեր հարմարեցնել»,-ասաց նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կենտրոնը կազմակերպում է դասընթացներ, որոնց միջոցով սիրիահայերը կծանոթանան Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ  տեղեկատվությանը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սիրիահայերի համար հարմար եւ նպաստավոր պայմաններ ստեղծվեն»,-ասաց նա:

Հանդիպման ընթացքում շուրջ երեք տասնյակ գործատուներ տարբեր բնագավառների աշխատանք առաջարկեցին սիրիահայերին` անվտանգության, շինարարության, սննդի եւ այլ ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]