1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում զգում եմ, որ պապերիս հողում եմ ու ավելի զգացմունքային եմ դառնում. Միշել Լեգրան

 Հայաստանում զգում եմ, որ պապերիս հողում եմ ու ավելի զգացմունքային եմ 
դառնում. Միշել Լեգրան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզուր չեն ասում` տաղանդավոր հայը տաղանդավոր է ամեն ինչում: Այս խոսքն ավելի քան համապատասխանում է ֆրանսահայ կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար Միշել Լեգրանին` ում կյանքի կենսափորձն ապացուցել է` տաղանդն այնպիսի բան է, որ բոլորն ունեն դրանից, սակայն ոչ բոլորն են կարողանում օգտվել: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ:  

-Պարո'ն Լեգրան, հոկտեմբերի 20-ին Հայաստանում կնշվի Ձեր ծննդյան 80-ամյակը: Ի՞նչ զգացողություններով կմասնակցեք հայրենիքում կազմակերպված հոբելյանական երեկոյին: 

-Ամեն անգամ Հայաստան գալիս առաջին միտքը, որ ծագում է գլխումս, այն է, որ իմ պապերի հողում եմ եւ, ընդհանուր առմամբ, ինձ պատում է խոր հարգանքի զգացում: Ընդհանարապես, այդ օրերին դառնում եմ առավել զգացմունքային: Մինչեւ թուրքերի կողմից իրականացրած կոտորածները, մեր ցեղից Հայաստանում վերջինն ապրել է իմ պապը, ով այնուհետեւ փախել է Ֆրանսիա եւ ծնունդ տվել իմ մորը, այնուհետեւ հայությունը տարածվել է իմ եւ իմ երեխաների միջոցով: Ամեն անգամ Հայաստան գալով` ես կրկին վերապրում եմ այդ ամենը: Ցանկանում եմ սեղմել բոլոր հայերի ձեռքերը` ում հետ մենք կապված են անքակտելի կապերով: Հայաստանը մի երկիր է, որ շատ է ճնշվել, ապրել է բազմաթիվ դրամատիկ պահեր, ողբերգություններ, սակայն ուրախալի է, որ հիմա վերածնվում է:  

-Մանկության տարիներին Ձեր հավատարիմ ընկերը դաշնամուրն է եղել: Այժմ այդ «պաշտոնն» ու՞մ եք վստահել:

 -Այո դուք ճիշտ եք, դաշնամուրը միշտ եղել եւ շարունակում է մնալ իմ ընկերը:

-Ավելի քան 100 ձայնասկավառակ եք հասցրել թողարկել: Գո՞հ եք Ձեր ունեցած աշխատանքի արդյունավետությունից, թե՞ ավելին կարող էիք անել: Ապագայում ի՞նչ նորությունների սպասենք:

-Ես բավարարված եմ նրանով, որ կարողանում եմ գրել, ստեղծագործել: Բավարարված եմ իմ երաժշտությամբ, որը գտնում եմ, որ վատը չէ: Ապագայում եւս շարունակելու եմ իմ աշխատանքը, ստեղծել երաժշտություն` ինչպես միշտ եմ արել, շարունակելու եմ առաջընթաց արձանագրել: Հուսով եմ, որ դրանք կլինեն ավելի ու ավելի հետաքրքիր:

 -Ստացել եք գրեթե բոլոր հնարավոր մրցանակները` 3 անգամ «Օսկար»,  5 անգամ «Գրեմմի» եւ «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս»: Կա՞ մրցանակ, որի մասին երազել կամ երազում եք:

-Ինձ համար բոլոր մրցանակները հավասար են ու մեկ, կարեւորը մարդու ներքին աշխարհն է ու սիրտը, կարեւորը քո սեփական գործում միշտ առաջընթաց արձանագրելն է: Պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքի մասին, որ անհրաժեշտ է աշխատել սիրով:

 -Երբ նայում եք անցյալին` ինչի՞ մասին եք ափսոսում: Ի՞նչը կցանկանայիք փոխել:

-Չէ, ոչնչի մասին չեմ ափսոսում: Արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար: Ես ընդհանրապես հետ չեմ նայում, անցյալն ինձ չի հետաքրքրում, քանի որ այն ինչ այսօր է, վաղը կդառնա երեկ:

 -Եվ մեկ հարց Հայոց Ցեղասպանության առնչությամբ: Ֆրանսիայի ողջ հայությունը պայքարում է ժխտողականության դեմ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունքի կբերի այս պայքարը:

-Ֆրանսիայի հայերը մշատապես պայքարել են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Ֆրանսիայում: Պայքարել են նաեւ, որ իրենց երկիրը (նկատի ունի Հայաստանը) միտ շահած դուրս գա, ավելի ամուր եւ ուժեղ լինի: Աշխարհի բոլոր հայերը սկզբունքորեն պայքարում են, որ Ցեղասպանությունը ճանաչվի, ինչպես Շոայի (Հոլոքոստ) դեպքում էր:

 Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]