1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խորենացու «Հայոց պատմության» նորահայտ ձեռագիր -օրինակը Զմմառի հայկական մշակութային չբացահայտված գանձերից է

Խորենացու «Հայոց պատմության» նորահայտ ձեռագիր -օրինակը Զմմառի 
հայկական մշակութային չբացահայտված գանձերից է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայկական մշակութային գանձարանը լի է բացառիկ նմուշներով, որոնց մեծ մասը լուսաբանման և ուսումնասիրման  կարիք ունի: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի հետ:

 -Գիտական գործուղմամբ վերջին երկու շաբաթը Լիբանանում էիք՝ Զմմառում: Որտե՞ղ է գտնվում Զմմառը և ո՞րն էր այցի նպատակը:

-Զմմառը Լեռնային Լիբանանում, Բեյրութից 30 կիլոմետր հեռու, ծովի մակերևույթից 950 մետր բարձր գտնվող մի փոքր գյուղ է։ Այստեղ մի լեռնաբազուկի ծայրին նստած, Միջերկրականի վրա կարծես հակված ծովին է նայում 1749 թվականին հիմնադրված, Տիրամոր վերափոխման անվամբ հայկական մի վանք։ Սա Հայաստանից դուրս գտնվող հայկական մշակութային նշանակալի կենտրոնների առաջին շարքում է՝ Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց, Վենետիկի Մխիթարյան և Վիեննայի վանքերի կողքին և դրանց հետ միասին։ Վանքի «Արծիվյան» միաբանության անդամներն ամբողջ աշխարհից, առանձնապես՝ հայաբնակ աշխարհից, ավելի քան 270 տարի շարունակ հավաքել և խնամքով պահպանում են հայկական մշակութային տարատեսակ արժեքներ։

-Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնադրվել Զմմառի վանքը։

-1630-ական թվականներին Վատիկանում ստեղծված Հավատասփյուռ (Propaganda Fidei) ժողովի և դրա «Ուրբանյան» դպրոցի գործունեության շնորհիվ: Արևմտյան Հայաստանում կաթոլիկ էր դարձել հայության մի մեծ շերտ, որն աստիճանաբար սկսեց ապրել բուն հայությունից անջատ կյանքով։ Այս կյանքը կառավարելու համար կենտրոն էր պետք, ուստի` «Ուրբանյան» դպրոցի սան Մելքոն Թասպասյանի հետևորդ Աբրահամ եպիսկոպոս Արծիվյանը 1742 թ. գնաց Հռոմ և Բենեդիկտոս 14-րդ պապից հաստատություն ստանալով` հիմնեց Հայոց կաթոլիկ պատրիարքարանը, որի կենտրոն-վանքը կառուցեց նախ Քրեյմ անունով գյուղում, ապա իր մահվան տարին Քրեյմից մի փոքր հեռու սկսեց կառուցել նոր վանք, որ ներկայիս Զմմառի վանքն է։ Ինքն սկսեց, իր հետևորդները շարունակեցին, ամեն մեկը մի բան ավելացրեց, ուստի վեց սենյակով սկսված շինությունը դարձել է վանական մի հսկա համալիր։ Այսօր Արծիվյանի՝ Բեյրութում նստող հաջորդը կարգով 19-րդն է, անունը Ներսես Պետրոս 19-րդ Թարմունի:

-Ի՞նչ գործունեություն է այսօր ծավալում Զմմառի միաբանությունը։

-Մի բառով՝ առավելապես հովվական. այսինքն՝ քահանայագործությամբ, որ իրականացնում է ամբողջ աշխարհում սփռված կաթոլիկ հայոց միջավայրում։ Թեմեր ունեն, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, նաև Հայաստանում և Վրաստանում:

-Ի՞նչ մշակության ժառանգություն ունի վանքը։

-Հայկական ամեն ինչ և ամեն տեսակ հնություններ։ Արդեն ասացի՝ 27 տասնամյակ շարունակ հավաքել են ինչ որ կարևոր ու անհրաժեշտ են համարել և ինչ որ հնարավոր է եղել, ընդհուպ մինչև հնագիտական առարկաներ, զանազան ժամանակների և երկրների, նաև՝ մեր Տիգրան Մեծի ու Կիլիկյան ժամանակաշրջանի դրամներ և այլն, և այլն։

-Կարծեմ գնացել էիք նոր ցուցահանդես պատրաստելու նպատակով։

-Այո´, հայկական տպագրության 500-ամյակի առիթով Զմմառի միաբանության մեծավոր Հայր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանի և վանքի վարչության նախաձեռնությամբ թե´ վանքի գրքային հարստության ցուցահանդես է նախատեսվում, և թե´ բացվում է Զմմառի վանքի Մշակութային կենտրոնը, որ սկզբում գուցե զուտ թանգարանային գործառույթ ունենա, այնուհետ կդառնա նաև  հետազոտական կենտրոն։ Իմ արածը ցուցահանդեսի ձեռագրական մասի ցուցանմուշների ընտրությունն էր. վանքի ունեցած ավելի քան 2000 ձեռագրից ընտրեցի 85 միավոր, որոնք ընդհանուր գծերով պատկերացում են տալիս ամբողջի և նրա արժեքի մասին, որոնց վերաբերող ընդհանուր խոսք և բացատրական շարադրանքներ ևս պատրաստեցի։ Ի դեպ, ցուցահանդեսը բացվելու է հոկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հովանու ներքո։

-Ինչպիսի՞ արժեքավոր միավորներ ունի Զմմառի մատենադարանը։

-Համառոտ ասեմ. այստեղ կա միջնադարյան հայկական գրական-ձեռագրական մշակույթի բոլոր ասպարեզներին վերաբերող շատ արժեքավոր նյութ։ Կան ուշ միջնադարի մեր ինքնուրույն և թարգմանական գրականության շատ միավորների եզակի օրինակներ, որոնք վերաբերում են գիտական և ուսումնական տարբեր ասպարեզների, առավելապես` միաբանության անդամների գիտական և ուսումնական հետաքրքրությունների արդյունք են` ինքնուրույն գրված կամ լատիներենից եւ իտալերենից թարգմանված աստվածաբանական, իմաստասիրական և այլաբնույթ տարբեր երկասիրություններ: Հավաքածուն հարուստ է առավելապես երաժշտական և բժշկական երկեր պարունակող ձեռագրերով. երաժշտական ձեռագրերից են բավական ճաշակով հարդարված, լավ նկարազարդված և առատ ձայնանիշեր (խազեր) ունեցող տասնյակ Շարակնոցները, որոնցից մեկը 1323 թ. Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում հռչակավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակի գրած և նկարազարդած ձեռագիրն է։ Իսկ 1330 թ. առաջ և 1337 թ. գրված Բժշկարաններն անպայման Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի կարևոր արգասիքներից են, հայերեն հնագույն ընդարձակ և հանրագիտական բնույթ ունեցող բժշկական արժեքավոր երկեր, որոնք իրենց արժեքով Մխիթար Հերացու Բժշկարանին ամենևին չեն զիջում, սակայն, ցավոք, դեռևս ուսումնասիրված չեն։ Նույն կերպ` եզակի արժեք ունի նաև Դանիել Ասորու Մեկնություն Սաղմոսաց գործի ձեռագիրը, որ պահպանված սակավաթիվ օրինակների շարքում հնագույնը և լավագույնն է: 1289 թ. Կիլիկյան Հայաստանում գրվել է Հեթում Բ. թագավորի (1289-1307 թ.թ.) գրասեր եղբայր Յովհաննես արքեպիսկոպոսի համար:  Մխիթար վարդապետ Գոշի «Գիրք» դատաստանի գործի 1240 թվականից առաջ գրված ձեռագիրը հայկական իրավաբանական այս համապարփակ ձեռնարկի հնագույն և լավագույն օրինակներից է (ի դեպ, սա Աբրահամ Արծիվյան կաթողիկոսից մնացած 27 ձեռագրերից մեկն է):

Արտակարգ կարևոր արժեք ունեն Խորենացու «Հայոց պատմության» նորահայտ ձեռագիր օրինակը՝ 17-րդ դարի (1621թ. Կտուց անապատ, գրիչ և մեկենաս` Սարգիս քահանա, ստացող` Կտուցի Սուրբ Կարապետ վանք), ինչպես նաև «Գիրք» թղթոց ժողովածուի նախկին «Անտոնյան» և ներկայիս զմմառական օրինակը, որ կրկին Կիլիկյան Հայաստանում 1298-1299 թվականներին իր գործածության համար գրել է Թովմա Հռոմկլայեցին: Այս ձեռագիրը պարունակում է  եկեղեցական հայրերի գրած դավանաբանական նամակներ, որոնք հայ եկեղեցու համար մեծ կարևորություն ունեն: Սա ևս իր տեսակի հնագույն օրինակն է, այս արժանիքի շնորհիվ դեռևս 1901 թ. նույնությամբ տպագրվել եւ 1993-ին վերատպվել է, այսուհանդերձ, նոր և նորովի տպագրության կարիք կա։

-Ուրեմն՝ ցուցահանդես, մշակութային կենտրոն, և վե՞րջ։

-Ո´չ։ Ասացի, որ վանքն ունի ավելի քան 2000 ձեռագիր, հիմա էլ ավելացնեմ, որ այդ քանակից երկու հատորով նկարագրված են ընդամենը 782 միավոր, մնացած 1300 ձեռագրի պարունակությունն անհայտ է. ոչ ոք չգիտե, թե նրանք մատենագրական ի´նչ նորություններ և անակնկալներ են պարունակում։ Եւ ահա՝ Զմմառի վանքի վարչության հետ արդեն նախնական համաձայնություն ունենք, որ Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատողների ջանքերով կպատրաստվեն գիտականորեն անմշակ այդ ձեռագրերի նկարագրությունները, որոնցով Զմմառի մատենադարանի ձեռագրացուցակի երկհատորյակին կգումարվի ևս չորս ստվար հատոր, որոնցով էլ ձեռագրական այս հարուստ հավաքածուի պարունակած նյութն ամբողջապես կմտնի գիտական շրջանառության մեջ։ Սա կլինի Մաշտոցյան Մատենադարանի և  Զմմառի վանքի գիտական-մշակութային համագործակցության սկիզբը, շարունակությունն արդեն վերաբերելու է զանազան գրական երկերի հետազոտումը։ Ցանկանում ենք, որ վերջինս արվի առավելապես զմմառական ուժերով. Հայաստանում երիտասարդ միաբաններ հայագիտական կրթություն կստանան և Զմմառ վերադառնալով՝ կսկսեն մեր մասնագետների առաջնորդություն-ղեկավարությամբ հետազոտական-հրատարակչական աշխատանքներ անել։ Վստահ ենք, որ այսպիսի եղանակներով Մերձավոր Արևելքում կստեղծվի հայագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն։ Եվ հուսանք՝ Աստված մեզ օգնական կլինի։

Հարցազրույցը` Սեդա Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]