Մշակույթ

Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կազդարարի ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կազդարարի ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-13 թթ-ի համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, ավելի քան մեկ ամիս տեւող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի տասնմեկ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող արտիստների, ինչպես նաեւ ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ:

«Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ եւս հրավիրյալ մենակատարները նաեւ վարպետության դասեր կանցկացվեն Հայաստանի երաիտասարդ երաժիշտների համար»,- ասաց նա: Արդեն ավանդույթ դարձած երաժշտական տոնը խորհրդանշական է ոչ միայն որպես Հայաստանի ֆիլհարմոնիկի` երեւանյան առօրյային դասական բնույթ հաղորդելուն ուղղված տոնական մեկնարկ, այլեւ հայ դասական երաժշտարվեստի ավանդույթների պահպանման եւ հայ վաստակաշատ գործիչների մեծարման յուրահատուկ առիթ:

Փառատոնը կբացվի Ալեքսանդր Հարությունյանի եւ Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով եւ կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանը նշող համերգով, երբ համերգասրահում ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը:

Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում Երեւան է հրավիրել նաեւ հռչակավոր Բորոդինի անվան լարային կվարտետը. վերջինս կներկայացնի կամերային երաժշտության մեկ երեկո, ինչպես նաեւ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա փառատոնային սիմֆոնիկ երաժշտության համերգով` նվիրված Կվարտետի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի 65-ամյա հոբելյանին:

Փառատոնային ծրագիրը կներառի նաեւ երկու հատուկ նշանակության երեկո. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը ֆիլհարմոնիկը կնվիրի ՀՀ անկախության 21-մյակին:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում