Սաֆարովի արտահանձնումը կարելի է օգտագործել ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազատագրած տարածքները վերաբնակեցնելու հարցը ռազմավարական նշանակություն ունի, որի լուծման դեպքում միայն կարող ենք խնդրի կարգավորման ասպարեզում ունենալ առաջընթաց: Անդրադառնալով Արցախյան ազատագրված տարածքների վերաբնակեցմանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: «ԼՂՀ կառավարությունը մշակեց «Վերադարձ Արցախ» ծրագիրը: Ծրագրով սկզբում զբաղվում էր Արցախի կառավարության կազմում ստեղծված Վերաբնակեցման վարչությունը, որը Սոցապ նախարարության բաժին էր, ապա այն հանձնվեց Կառավրությանը կից Միգրացիայի և վերաբնակեցման վարչությանը»,-ասաց Մինասյանը:2001-2011 թթ.-ի համար նախատեսված ծրագրով ակնկալվում էր տարեկան 1200 ընտանիքի վերաբնակեցում՝ մոտ 67 հազար մարդ, սակայն այսօրվա տվյալներով վերաբնակեցվել է 25-30 հազար բնակիչ:
«Տեմպերը դանդաղ են, անհրաշժեշտ է գործընթացն արագացնել: Մենք առիթ ունեցել ենք ԼՂ նախագահի մոտ էլ հայտնել դժգոհությունը: Առաջարկում եմ՝ ներդրումների քաղաքականությունն Արցախում ակտիվացնել և օգտագործել Սփյուռքի ներուժը, նաև մեր գործարարաներին խրախուսելու որպեսզի ավելի շատ ներդրում կատարեն»,-հավելեց Մինասյանը: Ըստ նրա՝ Արցախում ՀԷԿ-երի կառուցումն արդեն ձեռքբերում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն անդրադարձավ նաեւ ադրբեջանահունգարական գործարքին և համալսարանում ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ հանդիպմանը, որի առնչությամբ մասնավորապես նշեց. «Չափազանց մտահոգիչ էր հունգարական իշխանությունների կողմից արտահանձնումը. մեր դիվանագիտությունը կարող է շատ փայլուն կերպով օգտագործել այս հանգամանքը և հասնել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Խնդրի մասին ՆԱՏՕ-ի քարտուղարի պատասխանը չբավարարեց»: