Ռազմական փորձագետը Սաֆարովին ներում շնորհելը հայատացության գագաթնակետն է համարում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակելն ու նրան ներում շնորհելը հայատյացության քարոզչության կուլմինացիոն կետն էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում, փորձագետի խոսքով, իր տեսակի մեջ թեեւ աննախադեպ, սակայն միեւնույն ժամանակ կանխատեսելի էր: «Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ինտենսիվ հայատյացության քարոզչությունն ինչ-որ մի օր պետք է իր գործնական արդյունքները տար: Հայ սպանելն Ադրբեջանում երբեք չի ընկալվել որպես հանցագործություն, իսկ հիմա արդեն ականատես ենք լինում, թե ինչպես է այդ չգրված օրենքը դառնում պետական քաղաքականություն»,- ասաց նա:
Ռազմական փորձագետը ստեղծված իրավիճակից մի քանի հետեւություններ է անում. նախ Ադրբեջանի հետ պետական սահմանը պետք է լինի շատ լավ ամրացված ռազմաճակատ, երկրորդ` հայը միշտ պետք է լինի պաշտպանված: «Ադրբեջանից երկու հայոց պետություններին` Հայաստանին եւ Արցախին մշտական վտանգ է սպառնում:Եթե լինենք պաշտպանված, ապա կդադարենք թիրախ լինելուց: Նրանք պետք է իմանան, որ Հայատսանը պաշտպանված է, կա բանակ, որն ամրացված պետական սահմանի տերն է եւ պաշտպանում է հայերին»,- շեշտում է փորձագետը:
Ջամալյանը կարեւորում է նաեւ այն, որ ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է օգտագործել ի շահ հայերի` միջազգային լսարանին ներկայացնելու համար այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեւէ չի կարող լինել: «Արցախը պետք է ճանաչվի այսօրվա գործող սահմաններում»,- ընդգծում է նա` հավելելով, որ սա ոչ թե բարի կամք է, այլ արցախահայության պատկերացրած ապագան:
Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է քնած ժամանակ`2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում:Հայ եւ ադրբեջանցի սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը ոճրագործ Ռամիլ Սաֆարովին դատապարտեցցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: