Կիրո Մանոյանի կարծիքով` Ադրբեջանի արարքն իբրեւ պատերազմական գործողությունների սկիզբ ընդունելը սխալ է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան շարժման սկզբից ի վեր երկրորդ անգամ է, երբ Սփյուռքն այսքան համախմբված է մի հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենԿիրո Մանոյանը` մեկնաբանելով Սփյուռքի արձագանքն ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը: «Բոլոր կազմակերպություններն են համախմբված: Հատկանշական է, որ երեկ մեկ այլ հայ զինվորի սպանության հարցը բարձրացվել է Ստամբուլում: Սա ամենեւին պատահական չէ: Մենք բարձրաձայնում ենք, որ եւս մեկ հայ զինվոր է սպանվել»,- նշեց Մանոյանը:
Նրա համոզմամբ` ԼՂ անկախության ճանաչման խնդրի բարձրացման ժամանակն է: Մանոյանը շեշտեց, որ միջազգային ճանաչումը միայն ՄԱԿ-ի անդամ դառնալը չէ: Հայաստանի Հանրապետությունն ինքն է սկսում ԼՂՀ ճանաչման գործընթացը: Բանախոսը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ն պետք է իր գնահատականը տա կատարվածին, քանի որ իր միջոցառման շրջանակներում կատարված միջադեպ է: «ՆԱՏՕ-ի մեկ այլ բանակում դարձյալ հայազգի զինվոր է սպանվել, երկուսն էլ ազգային հողի վրա են: Սա արդեն մտահոգվելու տեղիք է տալիս»,- ասաց Մանոյանը: Նրա կարծիքով` նույնիսկ ԵՄ հակազդեցությունը համարժեք չէր. դարձյալ ինչ-որ տեղում հավասարության նշան դրեցին` առանց ճիշտ գնահատական տալու Հունգարիայում կատարվածին, ուստի չի կարելի միջազգային հանրության արձագանքներից ժամանակից շուտ ոգեւորվել:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հայաստան կատարած այցից սպասելիքներին` Մանոյանն ասաց, որ վերջինս հստակ գնահատական պիտի տա: «Եթե Հունգարիայի նման պետությունը չկարողացավ ապահովել մեր զինվորի անվտանգությունը, եթե ՆԱՏՕ-ի նման կառույցը չկարողացավ բավարար հակազդեցություն ցույց տալ, սա մտահոգիչ է: Արձագանքներ եղան, ճիշտ է, բավական արագ, սակայն այդ բոլորը համարժեք չեն կատարվածին»,- նշեց բանախոսը:
Ադրբեջանը գնացել է հախուռն քայլերի, բայց հետեւանքների մասին չի մտածել: Մանոյանի խոսքով` Թուրքիան այս գործարքին խառնված է. այլ պետությունների մասնակցություն նա այստեղ չի տեսնում: Ադրբեջանի արարքն իբրեւ պատերազմական գործողությունների սկիզբ ընդունելը, բանախոսի կարծիքով, սխալ է: Մանոյանի համոզմամբ` նման քայլեր կատարողը պատերազմ չի ուզում: Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, բայց փորձում է ցուցադրել իր պատրաստակամությունը: Նախ` նա պատրաստ չէ, բացի այդ` նավթը, գազը խաղաղություն են սիրում: Ադրբեջանը պարզապես փորձում է վախեցնել, ճնշել:
Բանախոսը սխալ է համարում հունգարական դրոշն այրելը: Նրա խոսքով` պետք չէ անել այն քայլը, որ մենք արդեն թշնամանքի գնանք: Կարելի է թշնամու դրոշը վառել: Հայ-հունգարական կապերն ունեն բավական հին անցյալ, եւ մենք նման մեկ իշխանության կամ իշխանավորի սխալ կեցվածքի պատճառով պետք չէ այդ հարաբերությունները տանուլ տանք: