Թուրքիայում ահաբեկչության աճի համար թուրքերը մեղադրում են հարեւան երկրներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին երկու ամիսների ընթացքում ահաբեկչական գործողությունների աննախադեպ աճի համար թուրքերը մեղադրում են հարեւան Իրանին, Իրաքին եւ Սիրիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից Թուրքիայի հարավարեւելյան եւ հարավային քրդաբնակ շրջաններում պարտիզանական գործողությունների ակտիվացման առնչությամբ «Մարտի 18» համալսարանի ռեկտոր Սեդաթ Լաչիները TRT haber-ի «Տեսակետ» ծրագրում հայտարարել է, որ քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին աջակցություն են ցուցաբերում Իրանը, Իրաքի եւ Սիրիան: Նա ասել է, որ PKK-ն ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ Թուրքիայի հարավարեւելյան եւ հարավային մասն իր վերահսկողության տակ է եւ աշխատում է ուղերձ հղել միջազգային հանրությանը, որ Թուրքիայում ընթանում է նույն գործընթացը, ինչ տեղի է ունեցել «արաբական գարուն» ապրած երկրներում:
Սիրիայի հյուսիսային` Թուրքիայի հետ սահմանակից շրջանները սիրիաբնակ քրդերի վերահսկողության տակ անցնելուց հետո, PKK-ն ակտիվացրել է գործողությունները: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ մոտ է այն օրը, երբ սիրիացի քրդերը Սիրիայում ինքնավարություն կհռչակեն, ինչը հնարավոր է անեն նաեւ թուրքաբնակ քրդերը:
PKK-ն արդեն 30 տարի է պայքարում է Թուրքիայում ինքնավարություն ստեղծելու համար: Այդ պայքարն արդեն 40 հազարից ավելի մարդու կյանք է խլել: