Մշակույթ

Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը նշում է իր հոբելյանը

2 րոպեի ընթերցում

Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը նշում է իր հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբն իր հիմնադրման 20-ամյակը կնշի Հրաչ Թոգալթյանի «Երգող ամառներ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայով, որը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 6-ին, Համազգային թատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը նշեց, որ ֆիլմն ամփոփել է երգչախմբի գործունեության անցած 20 տարիները: «Սա առիթ է, որպեսզի մենք ներկայանանք յուրօրինակ հաշվետվությամբ` անցյալն արժեւորելու եւ ապագան ուրվագծելու համար»,-ասաց Քեշիշյանը: Նա նշեց, որ դժվարին ժամանակներում հիմնադրված «Վարանդա»-ն նպատակ ուներ երգի միջոցով ժողովրդի մեջ նոր կյանք, ժպիտ եւ ոգեւորություն առաջացնել:

«Երգող ամառներ» ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դահլիճում, իսկ սեպտեմբերի 4-ին` Ստեփանակերտի մշակույթի կենտրոնում: Տարիներին ընթացքում կուտակված արխիվային կադրերի միջոցով ֆիլմը պատմում է ազատագրված Շուշիի հասակակից «Վարանդա» երգչախմբի անցած բուռն ստեղծագործական ուղու մասին:

Երգչախումը 20 տարիների ընթացքում կատարել է ավելի քան 300 տարբեր ժանրերի` դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ, որոնցից 82-ը նոր գործեր են: «Երգող ամառները»-ը «Վարանդա»-ի մասին նկարահանված երրորդ ֆիլմն է: «Վարանդան» հիմնադրվել է 1992 թվականին` որպես մանկապատանեկան երգչախումբ: Այն ավելի քանի 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Լիբանանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում