ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայ երիտասարդները դիմավորեցին արդարության կոչերով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավելի անդամներ այսօր` սեպտեմբերի 6-ին, բողոքի ակցիայով դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տարածարջանային այցով Հայաստանում գտնվողՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին երիտասարդները դիմավորեցին արդարության կոչերով:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Միքայել Սահակյանը, բոլոր հավաքվածների պահանջը մեկն է` արդարության վերականգնում:«Երիտասարդները ՆԱՏՕ-ից պահանջում ենխստորեն դատապարտել ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման եւ ազատ արձակմանը, ինչպես նաեւ դադարեցնել Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը»,- ասաց նա:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է` եւս մեկ անգամ բողոքի ձայնը բարձրաձայնելու օրերս իրականացված ստոր գործարքի դեմ:«Այս ակցիային մասնակցում են հարյուրավոր անդամներ, ովքեր շահագրգռված են, որ պատժվեն մեղավորները: Երիտասարդներն ամբողջ աշխարհում շարժիչ ուժ են, եւ նրանց ձայնը պետք է հասանելի լինի»,- նշեց Հովհաննիսյանը: Երիտասարդ հանրապետական գործիչը տարօրինակ է համարում այն, որ Եվրոպան հերթապահ հայտարարություններ է անում` մոռանալով, որ այսպիսով խաթարվում է եվրոպական արժեհամակարգի ընկալումը եւ ստեղծում մարդ սպանելու նախադեպ:ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամը հույս հայտնեց, որ երիտասարդների ձայը տեղ կհասնի, եւ ամբողջ աշխարհը կհասկանա, որ այս ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն:
Առաջիկա րոպեներին Ռասմուսենը հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: