Քաղաքականություն

Սենատոր Ջոն Քերրին ցնցված է Ադրբեջանի ամոթալի արարքով

3 րոպեի ընթերցում

Սենատոր Ջոն Քերրին ցնցված է Ադրբեջանի ամոթալի արարքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին դատապարտել է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու փաստը: «Ես ցնցված եւ ապշած եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովին իր տանը, այլ նաեւ ներում շնորհեց, փառաբանեց, տվեց ամեն ինչ եւ պարզապես հերոսացրեց: Այս սադրիչ գործողությունը վտանգում է երկու երկրների միջեւ «փխրուն» խաղաղությունը, ինչպես նաեւ կոտրում է Ադրբեջանի կառավարության հանդեպ վստահությունը»,-նշվում է Ջոն Քերրիի սեպտեմբերի 5-ին տարածած հայտարարության մեջ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից,Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանն ամբողջ ամերիկահայության անունից ողջունել է սենատոր Քերրիի հայտարարությունը: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում սենատորին` անարդարության դեմ տարվող նրա սկզբունքային աշխատանքի համար, եւ կոչ ենք անում նրան ու նրա օրենսդիր գործընկերներին, ի շահ խաղաղության, ջանքեր գործադրել Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնությունը կասեցնելու ուղղությամբ»,-նշել է Հակոբյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Հենրի Ուոքսմանը եւս շեշտել է, որ «խորապես մտահոգված է մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առնչությամբ»: Կենտրոնական Կալիֆորնիայի կոնգրեսական Ջիմ Կոստան էլ Fresno Bee պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ «Ադրբեջանի կառավարության կողմից միջազգային իրավունքի նկատմամբ գործած անարդարությունը վիրավորական է, միաժամանակ` պարզ եւ հասարակ»: «Մենք ԱՄՆ-ում ամուր կանգնած ենք մեր հայ ընկերների կողքին այս ծանր ժամանակահատվածում` ի նշան մեր հաստատուն նվիրվածությանը արդարությանը, խաղաղությանը եւ փոխադարձ հարգանքին: Ադրբեջանի կառավարության գործողություններն ընդգծում են Հայաստանի եւ նրա ժողովրդի նկատմամբ ԱՄՆ կառավարության խիստ աջակցության անհրաժեշտությունը»,-ասել է Կոստան:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում