Տարածաշրջանային

Մորնինգսթարի գլուխ խոնարհելը Հեյդար Ալիեւի հուշարձանին բողոք է առաջացրել Ադրբեջանում

2 րոպեի ընթերցում

Մորնինգսթարի գլուխ խոնարհելը Հեյդար Ալիեւի հուշարձանին բողոք է առաջացրել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքու հասնելուն պես շտապել է այցելել Հեյդար Ալիեւի հուշարձան եւ գլուխ խոնարհել նրա առաջ: Նրա այս քայլը սոցկայքերում լայն քննարկումների եւ բողոքի ալիք է բարձրացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, սոցցանցերի օգտատերերի մեծամասնությունը նշում է, որ դեսպանի այդ քայլը հակասում է ԱՄՆ-ի որդեգրած սկզբունքներին եւ արժեքներին, եւ որ ԱՄՆ-ի նման երկրի դիվանագետը չպետք է այդպիսի սխալ քաղաքական քայլ կատարեր:

Ադրբեջանի մարդու իրավունքների ակումբի ղեկավար, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտարարել է, որ «Մորնինգսթարի այդ քայլը դիվանագետին սազական չէ, ավելին` վնաս է հասցնում նրա անկողմնակալությանը»:

«Սովորաբար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն կարող բացահայտ աջակցել քաղաքական կողմերին: Սակայն ԱՄՆ դեսպանն իր այդ քայլով բացահայտ կերպով ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխող կուսակցության կողմից է: Հեյդար Ալիեւն Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիրն ու առաջին նախագահն է եղել: Այդ տեսակետից` դեսպանի նման քայլն անընդունելի էր եւ չէր համապատասխանում միջազգային կանոնններին», -նշել է Ջաֆարովը:

Ադրբեջանցի իրավապաշտպանը նաեւ հայտնել է, որ չի հավատում, թե Մորնինգսթարի այդ քայլը պատահականություն է: «Մորնինգսթարը տարածաշրջանը լավ ճանաչող դիվանագետ է: Նա պետք է իմանար, թե ով է Հեյդար Ալիեւը, եւ կարծում եմ, որ գիտեր էլ: Չեմ կարծում, թե դա պատահական այց էր: Բայց շատ կուզեի, որ պատահականություն լիներ», -ընդգծել է իրավապաշտպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում