Քաղաքականություն

Հայաստանը Հունգարիայից հստակ քայլեր է ակնկալում. հարաբերությունների կարգավորման միջնորդի կարիք չկա

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Հունգարիայից հստակ քայլեր է ակնկալում. հարաբերությունների կարգավորման միջնորդի կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չեն կարծում, որ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդության կարիք կա: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հունգարական կողմի հայտարարությունը, որի համաձայն` Շվեյցարիան առաջարկել է միջնորդել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եւ Հունգարիան ընդունել է այդ առաջարկը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ «այստեղ միջնորդության կարիք չկա, անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի առաջարկը` կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: «Ցավալի է, անընդունելի և դատապարտելի այն, որ Ադրբեջանը դրժել է իր խոստումը և ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»,- հայտնել է Մարտոնին հունգարական պետական MR1 ռադիոյի հետ հարցազրույցում: Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ իրենք գործել են միջազգային նորմերի սահմաններում և իրենց արարքը որևէ տնտեսական ենթատեքստ չի ունեցել:

Խոսելով Շվեյցարիա կատարած իր այցելության մասին` նա նշել է, որ Շվեյցարիայի իր գործընկերն առաջարկել է իր երկրի աջակցությունը Հայաստանի հետ Հունգարիայի հարաբերությունների կարգավորման հարցում:

Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները օգոստոսի 31-ին, երբ Բուդապեշտում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին այդ երկիրն արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ մարդասպանը ներման արժանացավ նախագահ Ալիեւի կողմից: Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարել է ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում