ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԱնդրես Ֆոգ Ռասմուսենը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Ուսանողական միությունները պատրաստվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Երեւանում դիմավորել բողոքի ակցիաներով:ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավելի անդամները եւս բողոք կհղեն Ռասմուսենին, որը սեպտեմբերի 6-ին հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակզմի հետ:Բուդապեշտում 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դավադրաբար սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից ու ներում շնորհելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լռությունը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում: Երիտասարդները կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում է կատարվել ոճրագործությունը:
Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները:Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն, պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:
Ռասմուսենը 2012թ. մարտի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում Հայաստանի զինուժի մասնակցության համար: