Տարածաշրջանային

Թուրքիայի իշխանություններն Օջալանին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանների հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխանություններն Օջալանին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները 400 օրից ավելի թույլ չեն տալիս Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանին հանդիպելու փաստաբանների եւ հարազատների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Firat լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Թուրքիայի քրեական օրենքի համաձայն` Իմրալի բանտում ցմահ բանտարկություն կրող Օջալանը շաբաթը մեկ անգամ իրավունք ունի հանդիպելու իր փաստաբանների կամ հարազատների հետ: Սակայն այն դեպքից հետո, երբ Քուրդիստանի համայնքների միության (KCK) դեմ պայքարի շրջանակում թուրքական իշխանությունները ձերբակալեցին նաեւ Օջալանի փաստաբաններից մի քանիսին, թուրքական իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են Օջալանի հետ տեսակցությունները: Ընդ որում, տեսակցության մասին դիմումներին Իմրալի բանտի վերահսկողությունն իրականացնող Գեմլիքի դատախազությունը մերժում է` «նավակը փչացել է», «ծովն ալիքոտ է» պատճառաբանություններով, իսկ Իմրալի բանտի տնօրենությունը` թե «Օջալանն ինքը չի ցանկանում հանդիպել որեւէ մեկի հետ»:

Թուրքիայի հարավարեւելյան եւ հարավային քրդաբնակ շրջաններում ակտիվացած թուրք-քրդական բախումների պայմաններում թուրքական իշխանությունների այս հակասական պատասխանները կասկածներ են առաջացնում քուրդ ժողովրդի շրջանում. նրանք կարծում են, որ կամ Օջալանն Իմրալիում չէ, կամ էլ նրա առողջական վիճակը վատ է: Օջալանի փաստաբաններից Շազիե Օնդերը թուրքական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ նրա 36 փաստաբանների ձերբակալությունից հետո իշխանություններն ավելի են խստացրել Օջալանի մեկուսացումը եւ կոչ արել հանրությանը` իշխանություններից շտապ բացատրություն պահանջել թուրքաբնակ քրդերի առաջնորդի առողջական վիճակի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում