Հունգարիան կընդունի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Շվեյցարիայի միջնորդության առաջարկը. Մարտոնի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՄ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի առաջարկը` կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական politics.hu կայքը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին:
«Ցավալի է, անընդունելի և դատապարտելի այն, որ Ադրբեջանը դրժել է իր խոստումը և ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»,- հայտնել է Մարտոնին հունգարական պետական MR1 ռադիոյի հետ հարցազրույցում: Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ իրենք գործել են միջազգային նորմերի սահմաններում և իրենց արարքը որևէ տնտեսական ենթատեքստ չի ունեցել:
Խոսելով Շվեյցարիա կատարած իր այցելության մասին` նա նշել է, որ Շվեյցարիայի իր գործընկերն առաջարկել է իր երկրի աջակցությունը Հայաստանի հետ Հունգարիայի հարաբերությունների կարգավորման հարցում: «Շվեյցարիան մշտապես եղել է չեզոք երկիր, և Հունգարիան պետք է օգտվի բոլոր հնարավորություններից Հայաստանի հետ հարաբերությունների լարվածությունը ցրելու համար: Հիմա ամենակարևորն այն է, որ հայերը հասկանան, որ Հունգարիան մշտապես ընդունել է իրենց որպես բարեկամ»,- ասել է Մարտոնին:
Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները օգոստոսի 31-ին, երբ Բուդապեշտում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին այդ երկիրն արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ մարդասպանը ներման արժանացավ նախագահ Ալիեւի կողմից: Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարել է ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: