Վարկատուների «եռյակը» Հունաստանից պահանջել Է սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարկատուները` ի դեմս Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպայի կենտրոնական բանկի, այդ երկրի կառավարությունից պահանջել են սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», սեպտեմբերի 5-ին հաղորդել Է լոնդոնյան «Գարդիան» թերթը, որի տրամադրության տակ հայտնվել Է այն գաղտնի նամակը, որը «եռյակն» ուղարկել Է Աթենքին:
Դրանում շարադրված են վարկատուների ցանկությունները կայունացման երկրորդ ծրագրի գծով Հունաստանի պարտավորությունների շրջանակներում երկրի պետբյուջեի ծախսերի կրճատման եւ եկամուտների ավելացման նոր միջոցառումների վերաբերյալ: Փաստաթուղթը նաեւ աշխատաշուկայի արմատական բարեփոխման եւ վճարման առավել ճկուն համակարգ սահմանելու պահանջ Է բովանդակում:
«Հարկ Է մտածել հանգստյան օրերը կրճատելու եւ ազգային տնտեսության բոլոր հատվածներում վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու մասին»,-հրատարակությունը մեջբերում Է արել «եռյակի» նամակից, որը նաեւ առաջարկել Է Եվրամիության կողմից հսկողության սահմանել Հունաստանի աշխատանքային օրենսդրության նկատմամբ:
Այս շաբաթվա ընթացքում «եռյակը» վերադառնում Է Աթենք, որպեսզի վերլուծի Հունաստանի կողմից իր պարտավորությունների կատարումը: Այդ աշխատանքի արդյունքում այն հոկտեմբերին կհրապարակի զեկույց, որի հիման վրա որոշում կընդունվի Աթենքին կայունացման վարկի հերթական մասնաբաժինը տրամադրելու մասին: