Տնտեսություն

Գյուղմթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը. Գյուղնախարար

6 րոպեի ընթերցում

Գյուղմթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը. Գյուղնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀգյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են բերքի իրացման, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ցորենի սերմացուի բաշխման գործընթացներին առնչվող հարցեր:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ արտահանվել էր շուրջ 16 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի` արդեն 17, 8 հազ. տոննա: Վերջին օրերին սկսվել է նաեւ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի արտահանումը: Նա վստահեցրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ եւս չկան. պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ` ինչպես մթերքի ընդունման ծավալների, այնպես էլ ժամանակին վճարումների հետ կապված:

Արդեն մեկնարկել են նաեւ դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխման աշխատանքները, պայմանագրերի կնքման եւ գումարների հավաքագրման հարցում նախարարը կարեւորեց մարզպետների աջակցությունը: Նշվեց, որ ընթացքում են նաեւ էլիտային սերմացուի բաշխման, առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ֆինանսական պարտավորությունների կատարման աշխատանքները:

Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է աջակցել գյուղնախարարությանը աշխատանքների կազմակերպման հարցում, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մթերման գործընթացը:

Ոռոգման կազմակերպման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Հաշվի առնելով սակավաջուր տարվա հետ կապված դժվարությունները, հիմնականում Արարատյան դաշտավայրում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցով, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից ջրապահանջարկը կնվազի: Նշվել է, որ Սեւանա լճից արդեն վերցվել է 287 մլն խմ ջուր:

Փոխվարչապետը եւս մեկ անգամ անդրադարձել է ոռոգման արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությանը` կարեւորելով աշնան գյուղատնտեսական աշխատանքներիընթացքում գյուղացիական տնտեսություններին մատակարարվող ջրի պահանջարկի բավարարման հանգամանքը:

Խորհրդակցությանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարզպետներին տեղեկացրել է հանրակրթական ոլորտում ուսումնասիրությունների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Մասնավորապես կատարվելու են աշակերտների թվի, դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր մարզ պետք է ունենա նաեւ իր ներկայացուցիչը, եւ փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում թեկնածուներ ներկայացնել:Աշոտյանն անդրադարձել է նաեւ մարզերում հաճախ բարձրացվող` մանկավարժների դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցին, նշելով, որ այն բազմիցս քննարկվել եւ որոշվել է պահպանել գործող չափը: Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ որոշ կրթական հաստատությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձել է մարզերից 2013թ. բյուջետային հայտերի ներկայացման գործընթացին` առաջարկելով նաեւ համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրտված տվյալներ ներկայացնել: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2013թ. բյուջետային հիմնական հատկացումները լինելու են Միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխան:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին վերաբերող հարցեր: Նշվել է, որ երկրորդ փուլով աշխատանքները կատարվել են շուրջ 98 տոկոսով, երրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 51,4 տոկոս, ընդհանուր առմամբ իրականացվում է 406 ծրագիր` 400-ից ավելի համայնքներում:

Օրակարգում էին նաեւ առաջիկայում նախատեսվող միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերը: Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի շրջանակում ոլորտում ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները:

Հոկտեմբերի կեսերին նախատեսվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի անցկացումը: Փոխվարչապետը կարեւորեց մարզերի ակտիվ մասնակցությունը համաժողովին` նշելով, որ այն լավ հնարավորություն է ռուսաստանցի գործընկերների հետ փոխգործակցության կոնկրետ ծրագրեր, համագործակցության նոր առաջարկներ ներկայացնելու, եղած կապերի ակտիվացման հեռանկարներն ուրվագծելու համար:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` կարեւորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընտրությունների ընթացքին հետեւելու են ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները:

Քննարկվել են նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ մարզերում նախատեսվող տոնական միջոցառումների եւ դրանց պատշաճ մակարդակով անցկացման հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման եւ ՏԻ մարմինների գործառույթների կատարմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում