Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր մրցունակությունը բարելավել է 10 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն` Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդ-ն է աշխարհի 144 երկրների մեջ` դիրքը բարելավելով 10 տեղով:
Ինչպես սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը, 2012-2013 թվականների զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը:
«Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` Շվեյցարիային հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան, Նիդեռլանդները: Մեր հարեւան Վրաստանը գտնվում է 77-րդ տեղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել Ռուսաստանը:
«Ղազախստանը, Հայաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանն իրենց դիրքերն ամենաբարելաված երկրներն են: Դա պայմանավորված է մրցունակության ցուցչի հենասյուների մեծ մասի բարելավումներով»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայրի կայունության եւ ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով:
«Հայաստանի ցուցանիշերը բարելավել են նաեւ բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, աշխատուժի եւ ֆինանսական շուկայի ոլորտներում: Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիական պատրաստվածության առումով»,-ասաց նա:
Բանախոսի խոսքով` Հայաստանը բավական լավ դիրքերում է մակրոտնտեսական միջավայրի կայունությամբ:
«Պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 26 տոկոսով բարելավում է գրանցել: Պետական պարտքով 57-րդն ենք 144 երկրների շարքում»,-ասաց նա:
Զեկույցի համաձայն` Հայաստանի պարտքը կառավարելի է, չնայած որ 2012 թվականի հուլիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքն աճել 3.5 տոկոսով:
Առողջապահության, տարրական կրթության բնագավառում եւս բարելավում է նկատվել: Բարելավվել է նաեւ տարրական կրթության մեջ ներգրավվածության ցուցանիշը:
Համաշխարհային տնտեսական զեկույցը հրապարակվում է համաշխարհային ֆորումի կողմից: 2005 թվականից ամաշխարհային մրցունակության զեկույցի մեջ գնահատում է նաեւ Հայաստանը:
Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում է եւ համեմատվող երկրները դասակարգում համաշխարհային մրցունակության ցուցչի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում