Քաղաքականություն

Մեկնարկում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի այցը Հայաստան

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը տարածաշրջանային այցով սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Ուսանողական միություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Երեւանում կդիմավորեն բողոքի ակցիաներով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավելի անդամները եւս բողոք կհղեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որը սեպտեմբերի 6-ին հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակզմի հետ:Բուդապեշտում 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դավադրաբար սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից ու ներում շնորհելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լռությունը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում: Երիտասարդները կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում է կատարվել ոճրագործությունը:

Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները:Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն, պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ռասմուսենը 2012թ. մարտի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում Հայաստանի զինուժի մասնակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում