Հասարակական

ԵՄ ԱԳ նախարարներն Ադրբեջանի վարքագիծը կարող են քննարկել Կիպրոսում իրենց առաջիկա հանդիպմանը. Մայա Կոչյանիչ

3 րոպեի ընթերցում

 ԵՄ ԱԳ նախարարներն Ադրբեջանի վարքագիծը կարող են քննարկել Կիպրոսում իրենց առաջիկա հանդիպմանը. Մայա Կոչյանիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ անդամ երկրները դատապարտել են իրենց «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանին` կացնով մարդասպանին ազգային հերոս հայտարարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին գրում է Եվրամիության քաղաքականությունը լուսաբանող անկախ լրատվամիջոց EU Observer-ը:

Լրատվամիջոցը մանրամասն ներկայացնում է 2004 թ-ին տեղի ունեցած ոճրագործությունը, մարդասպան Սաֆարովի Ադրբեջան արտահանձման գործընթացը, անդրադառնում Ադրբեջանի եւ Հայաստանի երկարատեւ հակամարտությանը` միաժամանակ մեջբերելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` նույն օրը (արտահանձնման օրը) պետական լրատվամիջոցներին տված հայտարարությանը, համաձայն որի` «Նման քայլով Սաֆարովը պաշտպանել է իր երկրի պատիվը եւ արժանապատվությունը»:

Գործակալությունը նաեւ նշում է, որ սեպտեմբերի 3-ին ԵՄ-ն միացել է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին` հանդես գալով Ալիեւի դրսեւորած վարքագծի քննադատությամբ: «Մենք մտահոգված ենք տարածաշրջանում զարգացումների հետեւանքներով»,-նշել է կառույցի արտաքին հարցերով խոսնակ Մայա Կոչյանիչը, ով EU Observer-ին ավելի ուշ հայտնել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գրասենյակը մշակում է գրավոր հայտարարություն, իսկ ԵՄ ԱԳ նախարարները հարցը կարող են քննարկել Կիպրոսում սեպտեմբերի 14-ին կայանալիք իրենց հաջորդ հանդիպմանը: Գործակալությունը նշում է, թե Հունգարիան բոլորից շատ է քննադատել միջադեպը` մեջբերելով հունգարական կողմի այն հայտարարությունը, որտեղ նշվում, է որ ինքն ավելի վատը չէ, քան Մեծ Բրիտանիան, որը 2009-ի Լիբիա էր ուղարկել Աբդելբասեթ Մեգրահիին, ով 1988 թ-ին օդանավ էր պայթեցրել Լոքերբիում` սպանելով 270 մարդ: «Ադրբեջանի վարքագիծն անգամ Թուրքիային է շփոթմունքի մեջ գցել, որը Ադրբեջանի դաշնակիցն է»,-գործակալությունըեզրափակել է նյութը քաղաքագտ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում