Տարածաշրջանային

«Ռադիկալ»-ի սյունակագիրն Ադրբեջանում Սաֆարովին «հերոսացնելը» զանգվածային խելագարություն է համարում

2 րոպեի ընթերցում

«Ռադիկալ»-ի սյունակագիրն Ադրբեջանում Սաֆարովին «հերոսացնելը» զանգվածային խելագարություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ռադիկալ» թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր` «Լրջություն եւ հանցագործություն» հոդվածում մարդասպան Սաֆարովին Ադրբեջանում «հերոսացնելը» զանգվածային խելագարություն է որակում: Սյունակագիրը Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ներում շնորհելու եւ ազատ արձակելու փաստի առնչությամբ իր տարակուսանքն է հայտնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջենգիզը հայ սպայի սպանությունը բնութագրում է որպես տիպիկ էթնիկ ատելության հողի վրա կատարված ոճրագործություն:

«2004 թ-ին ՆԱՏՕ-ի մի ուսումնական դասընթացի ժամանակ Սաֆարովը կացնով սպանեց քնած հայ սպային: Սարսափելի գազանություն: Դատարանում Սաֆարովը հայտարարեց, թե հայ սպային սպանել է «ադրբեջանական դրոշն անարգելու» համար, սակայն դատարանում ապացուցվեց, որ հայ եւ ադրբեջանցի սպաների միջեւ դրանից առաջ ոչ մի շփում եւ վեճ չի եղել: Հունգարիան Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց: Ադրբեջանը պահանջեց արտահանձնել Սաֆարովին` խոստանալով, որ նա պատիժը կկրի հայրենիքում: Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին որպես «հերոսի», ներում շնորհեցին, կոչումը բարձրացրեցին, բնակարան տվեցին, վերադարձրեցին տարիների ընթացքում կուտակված աշխատավարձը: Դրանով ցույց տվեցին, որ «դրոշն անարգելու համար» հայ սպա սպանելը «հերոսություն» է: Սա զանգվածային խելագարություն է: Այժմ այդ զանգվածային խելագարության համար Կովկասը նորից ցնցվում է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը գնալով ավելի խորանում է», -գրում է «Ռադիկալ»-ի սյունակագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում