Քաղաքականություն

Հայաստանն ու Արգենտինան կհամագործակցեն սպորտի ոլորտում

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Արգենտինան կհամագործակցեն սպորտի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերինախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 4-ին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանն ասել է. «Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ:

Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է:»

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Թիմերմանն ասել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։

Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք էլուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում